Այսօր տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փակ համագումարը, թեև երեկ արդեն համագումարի վարագույրն, այսպես ասած, մասամբ բացվեց, և ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այսօր կուսակցության նախագահ կդառնա Նաիրա Զոհրաբյանը, Գագիկ Ծառուկյանը պատվավոր նախագահ չի դառնա՝ այլ կմնա որպես կուսակցության անդամ, իսկ ԲՀԿ-ի մեկ այլ նշանավոր գործիչ՝ Վարդան Օսկանյանը վայր կդնի մանդատը:
Ամենաուշագրավը այս դեպքում երևի թե Օսկանյանի հարցն է` նկատի ունենալով այն, որ Միքայել Մելքումյանը բավական անկեղծացել էր նրա այդ որոշման գնահատականի հարցում` ասելով, որ Օսկանյանը միգուցե ինչ-որ ծրագրեր ունի 2017 թվականի հետ կապված: 2017 թվականին, ինչպես հայտնի է, սպասվում են պառլամենտական ընտրություններ, ինչպես նաև Երևանի ավագանու, այսինքն` Երևանի թաղապետի ընտրություններ: Թե հատկապես որ մասով են Օսկանյանի ծրագրերը, առնվազն ըստ Մելքումյանի, նա չի մասնավորեցրել իհարկե: Չի բացառվում նույնիսկ, որ Վարդան Օսկանյանը նման ոչ մի ծրագրեր էլ չունի, պարզապես ԲՀԿ-ում որոշել են, այսպես ասած, ինտրիգ հյուսել նրա շուրջ` թույլ չտալով հենց այնպես հանգիստ հեռանալ իրենցից:
Վարդան Օսկանյանի պարագան, իհարկե, հետաքրքրական է ոչ թե ինքնին՝ ինքնին նա բավական թույլ քաղաքական գործիչ է, այլ Ռոբերտ Քոչարյանի ֆոնով հանդերձ: Վարդան Օսկանյանին քաղաքական գործունեության ընթացքում մշտապես ասոցացրել են Քոչարյանի հետ: Ինքը Օսկանյանը մեծ ջանքեր չի գործադրել այդ ասոցիացիաները թույլ չտալու, թեման փակելու համար: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանը, ավելին, խորացրել է այդ ասոցիացիաները` իր վերջին հարցազրույցներից մեկում վերհիշելով, որ 2007 թվականին Օսկանյանն ուզում էր անդամակցել ԲՀԿ-ին, սակայն ինքը նրան հորդորել է ձեռնպահ մնալ, քանի դեռ արտգործնախարար է:
Այսպիսով, Վարդան Օսկանյանի քաղաքական կարիերայի շարունակությունը ևս բնականաբար անխուսափելիորեն կապվելու է Ռոբերտ Քոչարյանի հետ: Մնում է, որպեսզի վերջնականապես հստակ լինի՝ Օսկանյանը շարունակելու է քաղաքականությամբ զբաղվել, թե ոչ: Միքայել Մելքումյանն ակնարկել է, որ նա շարունակելու է այդ զբաղմունքը: Եվ սա իսկապես հետաքրքրական ակնարկ է` նկատի ունենալով այն, որ Մելքումյանը փաստորեն իր հավատարմությունն է հայտնել Նաիրա Զոհրաբյանին՝ որպես ԲՀԿ նախագահ: Սա նշանակում է, որ Մելքումյանը իր հավատարմությունն է հայտնել կուսակցության, այսպես ասած, ենթակայությանը Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես հայտնի է, Հովիկ Աբրահամյանը իր համար քաղաքական մրցակից է դիտարկել Ռոբերտ Քոչարյանին, և չնայած այժմ Աբրահամյանին հաջողվել է նրա ձեռքից վերցնել ԲՀԿ-ն, այսինքն` ԲՀԿ-ի համար մրցակցությունում առավելության հասնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ իհարկե ոչ առանց Սերժ Սարգսյանի վճռորոշ աջակցության, այնուամենայնիվ Հովիկ Աբրահամյանի մոտ ըստ ամենայնի պահպանվում են մտավախությունները Ռոբերտ Քոչարյանի հետագա գործունեության մասով, որ կարող է տեղի ունենալ Վարդան Օսկանյանի միջոցով: Այդ տեսանկյունից Աբրահամյանը միգուցե փորձում է ապահովագրվել և այդ պատճառով էլ հրապարակ է գցում 2017-ի հետ կապված Օսկանյանի ծրագրերի հարցը, կամ ստիպելով նրան և նույնն է թե` Ռոբերտ Քոչարյանին հրապարակավ հրաժարվել այդ ծրագրերից, կամ էլ ժամանակից շուտ այդ ծրագրերն, այսպես ասած, ազդարարելով դարձնել դրանք հանրային և քաղաքական թիրախ:
Ըստ որում` այս հարցում Հովիկ Աբրահամյանը կարող է ակնկալել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությունը և ամենայն հավանականությամբ այս ակնկալիքով է ՀԱԿ-ը հայտարարում, որ պատրաստ է համագործակցել ԲՀԿ-ի հետ, երբ հստակեցվի կուսակցության անելիքը: Այսինքն` ՀԱԿ-ը Հովիկ Աբրահամյանին իր պատրաստակամությունն է հայտնում քոչարյանական գործոնը վերջնականապես չեզոքացնելու հարցում: Ըստ երևույթին սրանով է պայմանավորված նաև այն, որ վերջին օրերին ակտիվ փոխհրաձգություն է սկսվել Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի միջև, և երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը բավական կոշտ արձագանք էր տվել առաջին նախագահի մարտիմեկյան հանրահավաքային ելույթին, մասնավորապես արտաքին քաղաքականության՝ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման հարցերում նրա և Քոչարյանի գործունեության տարբերությունների մասով:
Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ հայաստանյան քաղաքական դաշտում ամեն ինչ ոչ միայն չի ավարտվել, այլ սկսվում է իրադարձությունների զարգացման նոր ալիք` նոր վեկտորներով: Պարզապես այդ ալիքը կարծեք թե սկսվում է արդեն Սերժ Սարգսյանի համար առավել կառավարելի պայմաններում, որտեղ Սարգսյանն արդեն ոչ թե բևեռներից մեկն է, այլ այսպես ասած` գործընթացների բուրգի գագաթը, որտեղից կփորձի հետևել, թե ինչ է կատարվում բուրգի լանջերում կամ ստորոտին:
Ըստ որում` այս տրամաբանությամբ չի բացառվում նույնիսկ, որ Սերժ Սարգսյանը որպես հակակշիռ փորձի ինչ-որ կերպ խթանել քոչարյանական գործոնի առկայությունը քաղաքական համակարգում, Հովիկ Աբրահամյանին զգոն պահելու համար:
Լուսանկարը` PAN Photo-ի







































