Գյուլենական շարժմանը հարող թուրքական «Բուգյուն» թերթի սյունակագիր Ադեմ Յավուզ Արսլանը, անդրադառնալով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, Թուրքիայի ազգային մեծ ժողովի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի ղեկավար Շաբան Դիշլիի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցին՝ նշել է, որ թուրք պաշտոնյան իր կես ժամանոց ելույթում 25 րոպե շարունակ բողոքել է Գյուլենի շարժումից և միայն 5 րոպե հատկացրել Հայոց ցեղասպանության հարցին։
«Դիշլին փոխանակ անդրադառնար մի շարք կարևորագույն խնդիրների, որոնցից մեկը Հայկական հարցն է, ցավոք, զբաղված էր Գյուլենի համայնքը վարկաբեկելով։
Մինչդեռ եթե հայկական բանաձևն անցնի Կոնգրեսում (խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին-խմբ.), նրանք կասեն, որ դա եղել է այն պատճառով, որ Գյուլենի համայնքն աշխատել է իրենց դեմ»,- գրում է հեղինակը։
Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։
Շատ է խոսվում այն մասին, որ նախորդ տարիներին թուրքական իշխանությունները գյուլենականների միջոցով ակտիվ հակահայ լոբբինգ են իրականացրել ԱՄՆ-ում:
Վերջին շրջանում թուրքական պաշտոնական շրջանակները գյուլենական շարժմանը մեղադրում են ԱՄՆ-ում հայկական լոբբիին աջակցելու և Ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ գործելու համար: Նմանատիպ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի վարչապետը, փոխվարչապետը, արտգործնախարարը: Թուրքական իշխանական լրատվամիջոցներում վերջին շրջանում նաև հայկական լոբբինգի և Գյուլենի շարժման միջև «համագործակցության» վերաբերյալ ոչ արժանահավատ տեղեկություններ են շրջանառվում:







































