Վրաստանի նախկին վարչապետի մահվան 8-րդ տարելիցի առիթով ունեցած ելույթում վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ ժողովուրդը մինչ օրս պատասխանի է սպասում՝ կապված Զուրաբ Ժվանիայի մահվան հետ, և իրենք պարտավոր են պատասխան տալ: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Փետրվարի 3-ը Զուրաբ Ժվանիայի մահվան օրն է: Դա մեծ կորուստ էր երիտասարդ ժողովրդավարության համար: Երկիրը կորցրեց Վրաստանի նորագույն պատմության ամենավառ ներկայացուցիչներից մեկին՝ խելացի և ձևավոված քաղաքական գործչի: Նա մեծ ներդրում է ունեցել գլխավոր ժողովրդավարական ինստիտուտի՝ Վրաստանի խորհրդարանի ձևավորման գործում: 8 տարի է անցել այն բանից, երբ բնակչությանը հաղորդեցին վարչապետի ողբերգական և առեղծվածային մահվան մասին: Վրաց հասարակությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասել է Իվանիշվիլին:
Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական վարկածով՝ դա դժբախտ պատահար էր՝ գազից թունավորմամբ, սակայն Ժվանիայի ընտանիքը կասկածում է պաշտոնական վարկածի ճշմարտացիությանը:
Ժվանիայի մահվան գործը դեռևս փակված չէ: Այդ դեպքի հետաքննությանն է վերադարձել Վրաստանի նոր կառավարությունը: