«Բացառվում է Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ համագործակցություն, ընդհանրապես մենք նախագահամանիա չունենք: Մենք որևէ նախագահի հետ`3-ի էլ, որևէ առնչություն չունենք, չենք էլ ունենա, որովհետև այդ դեպքում ժողովուրդը դառնում է փոխանակման դրոշ, մեկը մյուսին փոխանցում է։ Մենք դեմ ենք դրան, մենք կողմ ենք ժողովրդի ինքնակազմակերպմանը»,- ասաց ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած ուժի հետ համագործակցությունը:
ՀՅԴ-ի հետ համագործակցության հավանականությանն անդրադառնալով՝ Կարապետյանը նշեց, որ Դաշնակցությունը հայրենասիրական ուժ է, մի քիչ «սպեցիֆիկ»:
«Ես դրական եմ վերաբերվում նաև «Ժառանգությանը», ավելի շուտ՝ ոչ թե «Ժառանգությանը», այլ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին քայլերին»,- նշեց Կարապետյանը և հավելեց, որ չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու պահը. «Աղջկաս ծնունդն է՝ դուրս եմ գալիս. հասկանալի չէ, ինձ դուր չեկավ նաև այն, որ եթե հացադուլն ուղղված էր իշխանությանը, ապա ինչո՞ւ Հովհաննիսյանը ընդունեց Հովիկ Աբրահամյանին, ոստիկանապետին, որը չէր թողնում՝ վրան դնեին: Փաստորեն, կողմնորոշումը պակասում է: Ես պետք է իմանամ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է ուզում»:







































