Հայերին Մեքսիկայով ԱՄՆ ապօրինաբար տեղափոխող խմբավորման ենթադրյալ առաջնորդ, Հյուսիսային Հոլիվուդի բնակիչ 44-ամյա Գրիգոր Չաթալյանի դեմ դատավճիռը կկայացվի ապրիլին։ Նա անցած ամիս մեղքի ճանաչման մասին գործարք էր կնքել։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։
Դատական նյութերում նշվում է, որ հանցավոր օղակում ներգրավված է եղել 3 կին։ Նրանք 18 հազարական դոլարով 5 հայերի մաքսանենգ ճանապարհով տեղափոխել են ԱՄՆ։
42-ամյա Վարդուհի Ավագյանը, 40-ամյա Մերի Ավետիսյանն ու 57-ամյա Մարիա Յանակոպուլուսը Սան Դիեգոյի դաշնային դատարանում խոստովանել են իրենց մեղքը։ Նրանք հանցավոր գործունեության համար կիրառել են այլոց անուններով պատրաստված վավեր փաստաթղթեր։
Նրանցից յուրաքանչյուրին սպառնում է 250 հազար դոլարի տուգանք և առավելագույնը 3 տարվա ազատազրկման ժամկետ։ Նրանց դեմ վճիռը կկայացվի մայիսին։








































