Ներիշխանական հաշտեցումը կամ փոխհամաձայնությունը, որ կայացվել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ֆորմատով, ըստ էության նշանակում է նոր իրավիճակ իշխող համակարգում: Հաշտեցումը բոլորովին վերադարձ չէ ելման դիրք, և չի կարող լինել նման բան, որովհետև չափազանց բուռն են եղել այն հիմքերը, որոնք նախորդել են, այսպես ասած, հաշտեցմանը:
Նոր իրավիճակում առանցքային հարցերից մեկն է դառնում կառավարության ճակատագիրը: Ապրիլին հենց ԲՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ ձևավորված կառավարությունը իր արդեն մեկ տարվա մոտեցող գործունեությունը բարեհաջող ծավալել է հենց «Բարգավաճ Հայաստանի» և նրա գլխավորած ոչ իշխանական բևեռի քաղաքական աջակցության արդյունքում: Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ԲՀԿ-ն հայտարարում էր, որ եթե նորից ՀՀԿ-ական վարչապետ նշանակվի, ապա իրենք հարյուր հազարավոր մարդկանց կհանեն փողոց և չեն հանդուրժի նոր ՀՀԿ-ական վարչապետի նշանակումը: Սակայն Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, իսկ ԲՀԿ-ից ոչ ոք փողոց դուրս չեկավ: Ավելին` զարմանալիորեն հաճախ Հովիկ Աբրահամյանն էր նոր նշանակված օրերին փողոց դուրս գալիս տարբեր հասարակական ակցիաների ժամանակ` կարծեք վստահ լինելով, որ ոչ առանց ԲՀԿ-ի աջակցության կազմակերպվող այդ ակցիաներում իր համար որևէ անհարմար բան տեղի չի ունենա:
Ընթացքում եղել են ամենասուր քննադատություններ անգամ, սակայն մեծ հաշվով հստակորեն պահպանվել է գերակա գիծը՝ Հովիկ Աբրահամյանը մեղք չունի, մեղավոր են Տիգրան Սարգսյանի թողած Ժառանգությունն ու արտաքին տնտեսա-քաղաքական իրողությունները, Ռուսաստանի դեմ Արևմուտքի արշավը, նավթի գնի անկումը: Հովիկ Աբրահամյանն իր հերթին հենց այս գործոնի շնորհիվ ապահովել է իր` այսպես ասած քաղաքական լեգիտիմությունը իշխանական համակարգում:
Նրան նշանակելով վարչապետ` Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ասում էր, որ Աբրահամյանը պետք է ապահովի ներթիմային համերաշխությունը իշխանությունների համար: Այլ կերպ սա նշանակում էր, որ ԲՀԿ-ի ակտիվ պահանջով վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը պետք է ի պատասխան ապահովի, որպեսզի ԲՀԿ-ն չանցնի ՀՀԿ-ի դեմ որևէ ռադիկալ գործողությունների: Սակայն փետրվարի առաջին կեսին տեղի ունեցած զարգացումները բերեցին նրան, որ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ դուրս եկավ ԲՀԿ-ի դեմ, աջակցեց Սերժ Սարգսյանի գրոհը, միացավ ԲՀԿ ղեկավարին տրվող որակումներին, չասաց, իհարկե, նրա մականունը, սակայն ոչ պակաս ընդգծված ժարգոնային հարթության վրա կիրառեց «բամփել» արտահայտությունը:
Իսկ ահա հաշտության հարցում Հովիկ Աբրահամյանը կարծեք թե անմասն մնաց` տրամադրելով միայն իր տունը: Իսկ սա առանցքային կերպով փոխում է իրավիճակը նրա շուրջ: Ըստ էության ստացվում է այնպես, որ Հովիկ Աբրահամյանը անկարող է գտնվել և՛ ԲՀԿ-ին զսպել ՀՀԿ-ի հանդեպ, և՛ ՀՀԿ-ին զսպել ԲՀԿ-ի հանդեպ: Արդյունքում նա կրկնակի տապալված է այս առումով, և եթե այս կրկնակի ներհամակարգային տապալմանը գումարում ենք նրա կառավարության տնտեսական տապալումը, ապա ստացվում է, որ այսօր Հայաստանում պաշտոնավարում են եռակի տապալված վարչապետ և կառավարություն: Իր հերթին սա էլ նշանակում է, որ կառավարությունն արդեն գտնվում է օդից կախված վիճակում, նա զրկված է և՛ հանրային սոցիալական բազայից, և՛ ըստ էության արդեն նաև ներհամակարգային «սոցիալական բազայից»:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի իշխանական կամ ներքաղաքական օրակարգում դրված է Հովիկ Աբրահամյանի և նրա կառավարության պաշտոնանկության հարցը: Սա ամենևին չի նշանակում, որ հարցը կլուծվի այսօր, վաղը կամ վաղը չէ մյուս օրը: Միգուցե Աբրահամյանը պաշտոնավարի մինչև անգամ հերթական ընտրություններ: Խնդիրը, սակայն, այն է, որ հարցն արդեն իշխանական համակարգում օրակարգային է, և ամեն ինչ արդեն կախված է ոչ թե նրանից, թե ինչ կանի Հովիկ Աբրահամյանը, այլ նրանից, թե երբ կգտնվի նոր վարչապետի և կառավարության հնարավոր և հարմար տարբերակը:
Ծառուկյան-Սարգսյան հաշտեցմանը, ըստ մամուլի հրապարակումների, ներգրավված են եղել հայաստանյան և Ռուսաստանի հայկական տնտեսա-քաղաքական շրջանակների բավական ազդեցիկ ներկայացուցիչներ, ՀՅԴ-ն, Սամվել Կարապետյանը Տաշիր գրուպից, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ նրանց այստեղ է բերել զուտ Սարգսյան-Ծառուկյան հարաբերությունները հարթելու հարցը: Բնականաբար, քննարկվել է նոր իրավիճակը և այդ իրավիճակի հետ կապված լայն խնդիրներ նաև տնտեսական կոնտեքստում: Այսինքն` Աբրահամյանն այլևս խաղից դուրս է, ըստ որում` ոչ միայն որպես վարչապետ, այլ նաև Սերժ Սարգսյանի հնարավոր ժառանգորդ, որի հավակնությունը առնվազն ինքն անպայմանորեն ուներ և ունի, և իհարկե որոշակիորեն օբյեկտիվ հանգամանքների հիման վրա:
Հայաստանի իշխանական համակարգում արդեն ռեալ կերպով դիտարկման առարկա է նոր վարչապետի պաշտոնը: Ըստ որում` ամենայն հավանականութամբ այս հարցը ոչ միայն զուտ ներհայաստանյան է, այլ նաև գտնվում է Հայաստանի ներքաղաքական կյանքի, ներիշխանական ստատուս քվոյի, ընդհանրապես Հայաստանի իշխանության խնդրով շահագրգռված արտաքին քաղաքական կենտրոնների ուշադրության շրջանակում, քանի որ առաջիկայում Հայաստանի համար նաև գեոքաղաքական ասպեկտում գերակա նշանակություն են ստանում երկու ուղղություններ՝ տնտեսությունն ու անվտանգության համակարգը:







































