«Մեր այսօրվա ուղերձն այն է, որ Միացյալ Նահանգները մտահոգ է և կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը»,- այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդ:
Վերջինս այս շաբաթ տարածաշրջանային այց է կատարել. փետրվարի 16-ին նա Ադրբեջանում էր, 17-ին՝ Վրաստանում: Այսօր էլ Հայաստանում նա հանդիպել է Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Այսօր մենք խոսեցինք անվտանգության, տարածաշրջանային հարցերի, տնտեսության մասին: Անշուշտ, խոսեցինք ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության մասին: Խոսեցինք նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Դեսպանությունը կառավարության հետ միասին նոր նախաձեռնություն է սկսում հակակոռուպցիոն այնպիսի աշխատանքների ուղղությամբ, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, ներդրումային դաշտի բարելավումը, կեղտոտ փողերի համար դաշտի փակումը, հավասար խաղի կանոնների ապահովումը բոլոր ներդրողների համար»,- հայտարարեց Վ. Նուլանդը:
Վերջինս լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց ընդամենը երկու հարցի, և հանդիպումն ընդհանուր առմամբ տևեց ընդամենը 10 րոպե: Մեկնաբանելով նախօրեին Ադրբեջանում իր տարածաշրջանային այցի շրջանակում արած հայտարարությունը, թե հայկական կողմն Ադրբեջանին պետք վերադարձնի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին՝ ԱՄՆ փոխպետքարտուղարն ասաց, թե չափազանց անհանգստացած է ԼՂՀ հակամարտության շփման գծում տեղի ունեցող բռնություններով, և ԱՄՆ-ը ցանկանում է, որ հակամարտության գոտում լինեն հանգիստ ժամանակներ, և հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Առաջիկա շաբաթներին հուսով ենք, որ կլինի խաղաղություն»,- հույս հայտնեց Վ. Նուլանդը:
Ինչ վերաբերում է դիվերսանտներին Ադրբեջանին վերադարձնելու հարցին, Վ. Նուլանդը բավական հետաքրքիր պատասխան տվեց, թե՝ «սոսկալի հանցանք է տեղի ունեցել, բայց կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել այդ հումանիտար ժեստը»: Այսինքն՝ հանցագործ գերիներին հանձնել Ադրբեջանին: Փաստորեն, նա կրկնեց այն, ինչ հայտարարել էր Ադրբեջանում: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել էր, թե որպես մարդասիրական քայլ՝ ՀՀ-ն պետք է Ադրբեջանին վերադարձնի գերիներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին:
Վ. Նուլանդն անդրադարձավ նաև Ս. Սարգսյանի կողմից Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները ետ կանչելու հարցին: Արդյոք այդպիսով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտվա՞ծ է, թե՞ նոր խթան կարող է լինել: «Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ կարևոր երկու երկրների և տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար: Եվ մենք խթանելու ենք դրան ուղղված ջանքերը: Կարևոր է նկատել, որ Հայաստանը դուրս չի եկել գործընթացից: Շատ հուզիչ պահ էր այսօր հուշահամալիրում լինելը»,- կարճ եզրափակեց Նուլանդը:








































