Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի աջակցում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այս մասին Փարիզում գտնվող` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշին հայտնել է Ֆրանսիայի նախագահի գլխավոր խորհրդական Ժան Դավիդ Լևիտը:
Վերջինս նշել է. «Դուք տեղյակ եք տվյալ խնդրի շուրջ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման մասին: Մենք չենք աջակցում այդ նախաձեռնությանը: Վերջինիս հեղինակը Սոցիալիստական կուսակցությունն է: Դուք ավելի շատ պետք է աշխատեք այդ հարցն օրակարգ բերած սոցիալիստների հետ»:
Հիշեցնենք, որ նույն աղբյուրը մարտի վերջին հայտնեց, որ Սոցիալիստական կուսակցությունը մայիսի 4-ին Սենատի օրակարգ է մտցնելու Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն դատապարտող մի օրինագիծ:
Վերջինիս հաստատման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողները կստանան մինչև 5 տարվա ազատազրկում ու կվճարեն 45,000 եվրո տուգանք:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել են 1998, 2000 և 2001 թվականներին: Իսկ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց (Հոլոքոսթի նման) Հայոց ցեղասպանությունը մերժողներին պատասխանատվության ենթարկելու օրինագիծը, որը ցայժմ չի վավերացվել սենատի կողմից:








































