Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել մահապատժի վերականգնման հարցը: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Իյիմայան:
Նրա խոսքով՝ մահապատիժ կարող է կիրառվել կանանց նկատմամբ բռնության, առանձնակի ծանր սպանությունների դեպքում:
Թուրքիայի Մերսին մարզում 20-ամյա ուսանողուհի Օզգեջան Արսլանի բռնաբարությունից և սպանությունից հետո երկրի մի շարք պատգամավորներ պահանջեցին, որ մեղավորի նկատմամբ մահապատիժ կիրառվի:
Անցած շաբաթ Օզգեջան Արսլանին բռնաբարել ու սպանել է ավտոբուսի վարորդը: Գործով 3 հոգի է ձերբակալվել՝ ավտոբուսի վարորդը, նրա հայրն ու ընկերը, ովքեր օգնել են ազատվել հետքերից:
Անցած ուրբաթ օրը հազարավոր կանայք մասնակցել են բողոքի ակցիային, երբ հայտնի է դարձել Օզգեջան Արսլանի սպանության մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատիժը չեղյալ է հայտարարվել 2001թ.:










































