Երկու տարի առաջ Արգենտինան համակել էր լուրը, թե Բուենոս Այրեսի քաղաքամերձ տարածքում «գերհերոս» է հայտնվել, որը մոտոցիկլետով է, արտասովոր հագուստով, հսկում է փողոցներն ու պահպանում է քաղաքացիների հանգիստը,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Բնակիչները նրան ճանաչում են Մենգաննո անունով, ինչը նշանակում է «ինչ-որ մեկը»: Նա իրեն անվանում է Զորոյի և Բեթմենի երկրպագու: Նրա դեմքը ևս դիմակով փակված է, ձեռքերը, կրծքավանդակն ու մեջքը պաշտպանում են հատուկ պլաստմասե վահանները: Չորեքշաբթի տեղի մամուլը հայտնել է, որ հանցավորության աճի կապակցությամբ նա որոշել է «պաշտոնաթող լինել»՝ իր վրա հանցագործների զինված հարձակումից հետո:
Հայտնի է դարձել, որ 42-ամյա «գերհերոսին» փորձել են թալանել, երբ նա իր նշանածի հետ ավտոմեքենայում է եղել: Այդ ժամանակ նա քաղաքացիական հագուստով է եղել, հանցագործները չեն իմացել նրա ով լինելը: Դաժան փոխհրաձգություն է սկսվել: Զոհեր չեն եղել: Հարձակվողները փախել են, իսկ միակ մեղադրյալը դարձել է տուժածը, քանի որ, ինչպես պարզվել է, զենքի նրա վկայականի ժամկետը վաղուց ավարտվել է:











































