«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
-Պարոն Վարդանյան, հետաքրքիր է, ի՞նչ տեսակետ ունեք նախագահի ելույթի և դրան հաջորդած՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ինչի՞ կարող է հանգեցնել:
– Հիմա դժվար է կանխատեսում անել, քանի որ ունենք ոչ տրադիցիոն, ինչ-որ առումով նաև աննախադեպ իրավիճակ: Ուսումնասիրելով կողմերի դիրքորոշումները՝ գալիս ենք այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, լուրջ կոնֆլիկտ կա կամ էլ առնվազն ցույց է տրվում, որ նման բան կա: Այս պարագայում, մի կողմից՝ իշխանությունը, կոնկրետ Սերժ Սարգսյանը, փորձելու է շարունակել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին, թուլացնել վարկանիշը բոլոր հնարավոր միջոցներով, հնարավոր է նաև՝ Գ. Ծառուկյանը որոշակի հետապնդումների ենթարկվի: Մյուս կողմից՝ կարծես թե եռյակն ունի լուրջ ստիմուլ համատեղ ավելի ակտիվ բողոքի գործողություններ կազմակերպելու, և շատ հնարավոր է, որ մոտ ժամանակահատվածում մենք ականատես լինենք բողոքի գործողությունների մի ամբողջ շարքի:
-Այդ բողոքի գործողությունները կարո՞ղ են հանգեցնել արտահերթ ընտրությունների: Ծառուկյանն իր ելույթում պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ: Եռյակն առհասարակ հասարակության շրջանակներում ունի՞ արդյոք դրան հասնելու բավարար աջակցություն:
-Ես կարծում եմ, որ, այս պահի դրությամբ, եռյակը բավարար ուժ չունի, որպեսզի կազմակերպի այնպիսի ճնշում, որը կարող է ստիպել իշխանություններին հրաժարական տալ: Բայց կա պոտենցիալ, և եթե եռյակին հաջողվի տարբեր հասարակական քաղաքական խմբերին ներգրավել, ու եթե այդ խմբերը գտնեն, որ սա իսկապես հարմար առիթ է, և կարելի է թեկուզ սիտուացիոն համագործակցություն իրականացնել եռյակի հետ, ապա հնարավոր է, որ ճնշող ռեսուրսը մեծանա և լուրջ սպառնալիք լինի ներկայիս իշխանությունների համար: Բայց սա հնարավոր է, եթե…
-Արտաքին քաղաքական ազդեցություն այս իրադարձություններում տեսնո՞ւմ եք: Մեզ մոտ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը մշտապես սպասում են Մոսկվայի աջակցությանը։ Այս դեպքում էլ Ծառուկյանը, նախքան սուր քննադատությունների նեթարկվելը, Մոսկվա էր այցելել և որոշ հանդիպումներ ունեցել:
-Ես ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ արտաքին քաղաքական ուժերն աշխատում են իշխանությունների հետ, որքանով դա հնարավոր է: Այստեղ կուզենայի նշել, որ մենք չափազանց գերագնահատում ենք արտաքին քաղաքական ուժի ազդեցությունը մեր ներքաղաքական իրադարձությունների վրա. ավելի շատ ուղղակի կողմերը փորձում են հակառակորդի նկատմամբ ճնշում իրականացնելու համար ցույց տալ, որ հասարակությունը հավատա, թե այդ սուբյեկտն ունի որոշակի աջակցություն ուժային գեոպոլիտիկ մի կենտրոնի կողմից:
-Իսկ երկրորդ նախագահի՝ ուղղակիորեն մեծ քաղաքականություն վերադառնալն այս փուլում հավանական համարո՞ւմ եք: Այս գործընթացներին հնարավո՞ր է միջամտի:
-Որևէ բան չի կարելի բացառել: Ուղղակի պետք է հիշել, որ այն դեպքում, երբ Քոչարյանը վերադառնա մեծ քաղաքականություն՝ ծագելու են այնպիսի խնդիրներ, որոնք այսօր չկան հենց եռյակի շրջանում:
-Այսինքն՝ տվյալ հարցի վերաբերյալ հենց եռյակի ներսում տարաձայնությո՞ւն կսկսվի:
-Այո, այն կոնսոլիդացիան, որի հետ հույս են կապում եռյակը կազմող քաղաքական ուժերը, մի շարք այլ քաղաքական խմբեր, հնարավոր է պարզապես չկայանա:
-Նկատի ունեք, որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դե՞մ կլինեն, որ ԲՀԿ-ն Քոչարյանին բացահայտ ասպարեզ բերի:
-Ես կարծում եմ՝ այո: Եթե նման բան լինի, այդ երկու ուժերը դեմ կլինեն:
-Պարոն Վարդանյան, եթե ամփոփենք՝ առաջիկա հանրահավաքներն ու բողոքի ակցիաները մինչև հերթական ընտրությունները որևէ արդյունք կգրանցե՞ն:
-Ամեն ինչ կախված է նրանից, թե հակամարտող կողմերը կկարողանա՞ն հանրությանը տրամադրել դեպի իրենց: Այլ կանխատեսումներ անել դժվարանում եմ:









































