Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկու տղամարդկանց, որոնք կարող են լինել Թուլուզի հրաձիգ Մուհամադ Մերայի հանցակիցները, որը 2012 թ. մարտին սպանել էր յոթ մարդու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
29 և 30 տարեկան երկու տղամարդ ձերբակալվել են Թուլուզում երեքշաբթի առավոտյան և գտնվում են կալանքի տակ: Ձերբակալվածները պետք է տեղափոխվեն DCRI հակահետախուզական վարչության քննչական մեկուսարան: Ձերբակալվածները ծանոթներն են Մերայի ավագ եղբոր՝ Աբդելքադերի, որի դեմ ներկայացվել են սպանության, հանցավոր խմբավորումներում մասնակցության, գողության մեղադրանքներ:
Հետաքննությունը հակված է այն կարծիքին, որ ձերբակալվածները կարող էին Մերային օգնել զենքով և գումարով, սակայն հազիվ թե նրա հետ եղած լինեն հանցագործությունների վայրում:
2012 թ. մարտի 22-ին Մերան սպանվել է Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից վնասազերծման անհաջող գործողության հետևանքով: Ավելի վաղ նա խոստովանել էր, որ սպանել է երեք զինծառայողի և հրաձգություն կազմակերպել Թուլուզի հրեական դպրոցի տարածքում, որի հետևանքով զոհվել էր երեք երեխա: Նա ոստիկաններին հայտնել է, որ գործել է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի անունից:









































