Թուրքիայի խորհրդարանը ուսումնասիրում է Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը գործող մզկիթի վերածելու հնարավորությունը:
Սուրբ Սոֆյայի տաճարում մուսուլմաններին աղոթելու հնարավորություն տրամադրելու պահանջով հարցումը Ազգային ժողով է հղել Թուրքիայի քաղաքացի Թալիփ Մպոզկուրտը, որը Քահրամանմարաշ քաղաքի բնակիչ է: Այս մասին հայտնում է հունական ուղղափառ «Ամեն» գործակալությունը:
Աշխարհահռչակ բյուզանդական ճարտարապետության նմուշը, որը կառուցվել է 324-337թթ.՝ բյուզանդացի կայսր Կոնստանտին I-ի կողմից, մզկիթի է վերածվել 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո: 1935 թվականից այն թանգարանի կարգավիճակ է ստացել, իսկ 1985 թվականին Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հաղորդվում է, որ հարցումն ընդունած խորհրդարանական հանձնաժողովը հաշվի կառնի տարբեր կազմակերպությունների և հաստատությունների կարծիքը:










































