Ավստրալիայի վարչապետ Ջուլյա Գիլարդը խորհրդարանի հերթական համընդհանուր ընտրությունները նշանակել է սեպտեմբերի 14-ին, իսկ օրենսդիր ժողովի ներկայի կազմն իր աշխատանքները կդադարեցնի օգոստոսի 12-ին,- հաղորդում է Agence France-Presse-ը:
Գիլարդի հայտարարությունը անսպասելի է եղել ավստրալացի ընտրողների համար, քանի որ նրանք քվեարկության օրն իմանում են ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ:
Վարչապետն ընտրությունների անցկացման վերաբերյալ իր այս վաղ հայտարարությունը մեկնաբանել է նրանով, որ յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի՝ երբ ղեկավարել և երբ նախընտրական քարոզարշավ իրականացնել: Նա նաև նշել է, որ դա հնարավորություն կտա քաղաքական գործիչներին, ընտրողներին, ձեռնարկատերերին և ներդրողներին ծրագրավորել իրենց գործողությունները:
Ներկայումս Գիլարդի ղեկավարած Լեյբորիստական կուսակցությունը զբաղեցնում է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը՝ մի քանի անկախ պատգամավորների և Կանաչների կուսակցության հետ դաշինքի շնորհիվ:
Հարցումների համաձայն, եթե ընտրությունները տեղի ունենան հիմա, ապա Գիլարդը և նրա կառավարությունը պարտություն կկրեն:











































