Հայաստանի մի խումբ պատգամավորներ առաջարկում են Երախտագիտության մեդալով պարգևատրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաևժխտողականության դեմ պայքարի գործում նշանակալի և ծանրակշիռ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին:
Այդ նպատակով կառավարության քննարկմանն է ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդգրկված է կառավարության փետրվարի 12-ի նիստի օրակարգում: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ գործադիրը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:
Գործող օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ Երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառների գործիչները, մինչդեռ կան նաև օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում, սակայն մինչ այժմ պարգևի համապատասխան տեսակով` երախտագիտության մեդալով չեն պարգևատրվել:
Օրինակ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, Սենատի անդամ Մարկ Քըրքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ. Ռոյսը, պետական-քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսը (Կանադա), Ջորջ Ռադանովիչը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբը և հասարակական, պետական-քաղաքական այլ գործիչներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով, այնինչ՝ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի նման գործիչներին պարգևատրել նաև Երախտագիտության մեդալով:








































