ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` փետրվարի 5-ին հրավիրած խորհրդաժողովին հաջորդած ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու դաժան ծեծը հանգեցրին ԲՀԿ-ի` հակաիշխանական հռետորաբանության աննախադեպ կոշտացմանը: Կատարվածի համար ուղղակիորեն մեղադրելով «երկրում գանգստերական և բանդիտական մթնոլորտ ձևավորած իշխանություններին»` ԲՀԿ-ականները պահանջում են բացահայտել կատարվածը, հակառակ դեպքում սպառնալով բազմահազարանոց հանրահավաքներով և հրաժարականների պահանջներով:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ի կոշտ հայտարարություններին ոչ պակաս կոշտությամբ հակադարձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա իր խնամուն` Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տվեց հետևել իր ղեկավարած կուսակցության հայտարարություններին` հակառակ դեպքում զգուշացնելով, որ «իրավիճակի հնարավոր սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա»:
Ներքաղաքական առաջիկա սրացումների և դրանց պատասխանատուների շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի» նախագահ Ստեփան Դանիելյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:








































