Այսօր Մինսկում տեղի է ունենում «նորմանդական քառյակի» հանդիպումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման շրջանակում: Համաշխարհային մամուլն ու փորձագետները նշում են, որ եթե համաձայնություն տեղի չունենա հրադադարի հաստատման հարցում, ապա սա, ըստ էության, վերջին հնարավորությունն է լայնածավալ պատերազմից խուսափելու համար: Այսինքն՝ հնարավորությունը չօգտագործվելու պարագայում պատերազմի լայնածավալ բնույթը գնահատվում է անխուսափելի:
Հանդիպման կարևորության մասին է թերևս խոսում այն փաստը, որ նախօրեին Վլադիմիր Պուտինին է զանգահարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբաման վերջին ամիսներին պարզապես ցուցադրաբար արհամարհել ու մերժել է Պուտինի հետ որևէ շփում՝ հաղորդակցելով զուտ այս կամ այն գագաթնաժողովում պարզապես ոտքի վրա: Այն, որ Օբաման զանգահարել է Պուտինին, վկայում է, որ Մինսկի հանդիպումը իսկապես հանգուցային, բեկումնային է, և այնտեղ շատ կարևոր հարցեր են վճռվելու: Եվ կասկած չկա, որ վճռականությունը միայն ուկրաինական ճգնաժամին չէ, որ վերաբերում է: Խնդիրը, անկասկած, ավելի լայն շրջանակներ է ընդգրկում, և այս իմաստով այն, ինչ այսօր քննարկվում է Մինսկում, իր արձագանքներն է ունենալու նաև Կովկասի, այս թվում և, բնականաբար, Հայաստանի մասով՝ առաջին հերթին երևի թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի:
Այս գործընթացում իրավիճակը պակաս լարված չէ և ուկրաինականից տարբերվում է նրանով, որ, ի տարբերություն Ուկրաինայի, այստեղ ընթացող պատերազմը դանդաղ պատերազմ է, ինչպես օրեր առաջ ՊՆ մամուլի քարտուղարն էր բնորոշել սահմանային իրավիճակը: Այսինքն՝ այստեղ լարվածությունը տարբերվում է ընդամենը տեմպերով, իսկ բնույթով նույնն է՝ պատերազմ:
Այս ամենի գլխավոր պատճառը, իհարկե, այն է, որ չեն գործում միջնորդական առկա մեխանիզմները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որ դե յուրե գոյություն ունի, սակայն դե ֆակտո գտնվում է լճացման փուլում և անհուսորեն փորձում է հասնել հրադադարի պահպանման, կամ չի էլ փորձում:
Մինսկի խմբի համանախագահները մի քանի օր առաջ հայտարարեցին, որ անհրաժեշտ է վերսկսել Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպումները: Այդ հանդիպումներից վերջինը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Փարիզում: Դրանից հետո իրավիճակը սահմաններում լարվել է, իսկ Ալիևը Հայաստանին սպառնալիքներ է հնչեցնում արդեն միջազգային հեղինակավոր ամբիոններից:
Այս ամենը, իհարկե, պայմանավորված է ուկրաինական ճգնաժամի ռեզոնանսով, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ Կովկասում: Չնայած ուկրաինական ճգնաժամում ներգրավված գերտերությունները շահագրգռված չեն Կովկասի ապակայունացմամբ, սակայն, այնուամենայնիվ, ճգնաժամի բնույթը հանգեցրել է նրան, որ, ըստ էության, խափանվել է Մինսկի խմբի ձևաչափը: Ավելին՝ հենց այս գործընթացների համատեքստում են նաև ավելացել ձևաչափի փոփոխության հասնելու հավակնորդների ջանքերը: Այստեղ հատկապես ուշագրավ է Գերմանիայի ակտիվացումը, որին մենք ականատես եղանք Մերկել-Ալիև հանդիպման և հնչած բազմանշանակ հայտարարությունների տեսքով:
Այս իրողություններն անկասկած պայմանավորելու են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումները, և այստեղ արդեն իսկ մենք ականատես ենք լինում հետաքրքրական դրսևորումների: Մասնավորապես, ԲՀԿ անդամի դեմ բռնարարքի առաջ բերած լարվածության ֆոնին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Լեռնային Ղարաբաղի առաջնագիծ է ճանապարհում իր կողքին հայտնված ազատամարտիկների դաշինքի անդամներին՝ ըստ էության, այս քայլով կարծեք թե կատարելով առաջնահերթությունների փոփոխություն և ներքաղաքական իրավիճակում իր գործողությունների շրջանակում ձևավորելով որոշակի արտաքին ելակետեր՝ ներքին հարցերում մանևրի հնարավորությունները մեծացնելու համար:
Ահա այս տեսանկյունից այն, ինչ կարող է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, հրադադարի ռեժիմի մասով, ուղղակիորեն իր ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի ներքաղաքական հարաբերությունների վրա, որոնք ներկայումս հայտնվել են սահմանադրական փոփոխությունների սպասողական իրավիճակում:
Այսպիսով՝ Մինսկում այսօր տեղի ունեցեղ հանդիպումը, ըստ էության, շատ ավելին է իր նշանակությամբ և, անկասկած, ազդեցությամբ, քան զուտ ուկրաինական թնջուկի հանգուցալուծում:
Այս համատեքստում պատահական չէ նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն շտապում արձագանքել և՛ փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի ելույթին, և՛ ԲՀԿ-ականի հանդեպ բռնությանը հաջորդած ԲՀԿ-ի հայտարարություններին ու գնահատականներին: Այդ արձագանքները պայմանավորված են լինելու արտաքին ֆոնի վրա տեղի ունեցող գործընթացներով, որոնցում էլ որոշիչ նշանակություն կունենա Մինսկը:









































