Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Բերձորում հունվարի 31-ին տեղի ունեցած ծեծկռտուքը հրահանգվել է անմիջապես Արցախի իշխանությունների կողմից, Բաղրամյան 26-ի գիտությամբ:
Միևնույն ժամանակ Սեֆիլյանը վերահաստատեց այն հայտարարությունը, որ իրենց զգուշացրել, անգամ խնդրել են, որ դեպի Արցախ ավտոերթ չիրականացվի:
Արցախի իշխանությունների հետ հանդիպումից հետո ընդլայնված հանդիպում է եղել՝ փոխվարչապետի, գեներալների մասնակցությամբ: «Այդ հանդիպումից հետո ևս մեկ անգամ մենք համոզվեցինք, որ գործ ունենք մի կառավարման օղակի հետ, որը, մեղմ ասած, ադեկվատ չէ: Հանդիպման ամբողջ երկուսուկես ժամվա ընթացքում փորձում էին համոզել, օգտագործում էին անգամ «խնդրում եմ» բառը, որպեսզի այդ ավտոերթը չիրականացնենք: Ներկաներին ճանաչում եմ պատերազմից, բայց ուրիշ հարց, որ նրանք նյութապաշտությանը չդիմացան խաղաղ պայմաններում: Անընդհատ փորձում էին ընկերական խնդրել, որ մենք մեր մտադրությունից հրաժարվենք: Մեր դիմաց նստած գեներալ կոչեցյալները կարծես անձնական կարծիք չունեին, բոլորն արտաբերում էին այնպիսի մտքեր, որը պետք է դուր գար Բակո Սահակյանին»,- ասաց բանախոսը:
Սեֆիլյանն ընդգծեց, որ այդ հանդիպումներից հետո իրենք քննարկումներ են ունեցել Արցախում իրենց համախոհների հետ և որոշել, որ երթը միայն ժամանակավորապես հետաձգվի:
Ժիրայր Սեֆիլյանը հավելեց, որ իրենց պարզապես ընկալում էին մարդկանց, որոնք տարածք են ներխուժում իրենց շեֆին փչացնելու համար:
Բանախոսը նշեց նաև, որ եթե հունվարի 31-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրենք խոհեմ չվարվեին, ապա չի բացառվում, որ զոհեր լինեին: «Մենք շարունակելու ենք մեր իրազեկման գործունեությունը, առաջիկայում ավտոերթ կանցկացնենք Շիրակի մարզում՝ Գյումրիում: Շատերի մեջ թյուրըմբռնում է, թե մենք խառնակչությամբ ենք զբաղվելու ապրիլի 24-ին, բայց ովքեր չեն հասկանում, որ այդ օրը ոչ թե սգի օր է, այլ վերածննդի՝ մենք կհորդորենք, որ միանան մեր գործընթացին»,-ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ևս այդ օրը հարգելու են Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ երկրորդ պլան չմղելով իրենց նախաձեռնած գործունեությունը:
Ժիրայր Սեֆիլյանը չի հերքում նաև մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ ինքը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Սակայն նրա խոսքով՝ այդ հանդիպումներն իր տանը չեն եղել:
Լուսանկարը` PAN Photo-ի










































