ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին ղեկավար Ջեբ Բուշի [email protected] հասցեին ուղարկված ավելի քան 250 000 էլեկտրոնային նամակ հրապարակվել է: Այս մասին հայտնում է RT կայքը:
Քաղաքական գործիչն ասել է, որ ինքը մարդկանցից թաքցնելու ոչինչ չունի: «Հետևելով անկեղծության գաղափարին՝ ես հրապարակում եմ իմ նահանգապետության ժամանակի էլեկտրոնային նամակները: Դրանց մի մասը ծիծաղելի են, մի մասը՝ լուրջ, մի մասը գրվել են, երբ ես վատ տրամադրություն եմ ունեցել: Դրանք բոլորն այստեղ են: Դուք կարող եք կարդալ և կարծիք կազմել»,- նշել է Ջեբ Բուշը:
Սակայն Բուշը հաշվի չի առել, որ իր աշխատանքային նամակագրությունը բովանդակել է ընտրողների, պետական ծառայությունների աշխատակիցների անձնական տվյալները, ներառյալ՝ հեռախոսահամարները, էլեկտրոնային և տան հասցեները:
Ֆլորիդա նահանգի օրենքների համաձայն՝ նահանգապետի հետ նամակագրությունը կարող է հրապարակվել, բայց ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալները, մասնավորապես՝ սոցիալական ապահովագրությունների համարները, հրապարակման ենթակա չեն: Այդպիսի վերահսկողությունից հետո Ջեբ Բուշը հայտարարել է, որ նման տեղեկությունը կջնջվի հրապարակված նամակներից:








































