Մոտ երեք ժամ տևած քննարկման ժամանակ, ըստ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի, քննարկվել և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին են ներկայացվել իրենց տարբերակները: Նրա խոսքով՝ խորհրդարանական հանձնաժողովը չի կարող գազի սակագներ հաստատել՝ դա Հանրային ծառայությունների կարգավորման ոլորտն է. «Մենք ուսումնասիրել ենք ողջ գործունեությունը և զեկույցով հանդես կգանք»:
Անդրադառնալով Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի հանդիպման ժամանակ գազի գնի դիմաց հայկական կողմից ռուսական ռուբլով վճարման հարցին՝ վերջինս նշեց, որ ինքն ինֆորմացիա չունի, սակայն անձամբ իր կարծիքով՝ եթե սկսենք ռուբլով վճարել, մեր ամբողջ տնտեսական համակարգը և ֆինանսական շուկան կախված կլինի ռուբուց:
«Գիտեմ, գազի գնի հետ կապված քննարկումներ եղել են, 6000 հազար բաժանորդ վճարում է դրամով, իսկ դրամի արժեզրկումն առաջ է բերել որոշակի խնդիրներ, պետք է հարց բարձրացվի, և սակագնում ճշտումներ մտցվեն»:
Այվազյանը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ բնակչությունը պետք է վճարի դրամով, որը նախկին գնով 30-40 դոլարով դե ֆակտո էժանացել է:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, վերջինս հայտնեց, որ խորհրդարանը միայն հսկողական կարգավորում ունի, և դրամի 10 դրամ արժեզրկման պարագայում ՀԷՑ-ը 1,7 մլրդ դրամ է կորցնում, քանի որ էներգակիրները վերցնում ենք արտարժույթով և վարձավճարները վճարում դրամով:









































