Երեկ Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:
ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԻՆթել կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսի հետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԻՆթելի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները:
Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը: Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը:








































