Հազարավոր բրիտանացի մուսուլմաններ դուրս էին եկել բողոքի ցույցի Լոնդոնի կենտրոնում` վարչապետի նստավայրի մոտ: Ինչպես հաղորդում է BBC-ն, «Մուսուլմանական ֆորում» շարժման կողմից կազմակերպված ցույցի նպատակն է անհամաձայնություն հայտնել ԶԼՄ-ներում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ցույցի կազմակերպիչները ափսոսանք են հայտնել Փարիզում վերջին ահաբեկչությունների կապակցությամբ` ասելով, որ այդ գործողությունները իսլամի օրենքների խախտում են:
Ցուցարարների ձեռքերում եղել են «Շարլի և վիրավորանքների գործարան», «Մարգարեին սիրում ենք մեր կյանքից առավել» և այլ գրություններով պաստառներ: Հավաքվածները վարչապետի աշխատակազմին հանձնել են դիմում, որը ստորագրել է ավելի քան 100 հազար բրիտանացի մուսուլման:
Լոնդոնի կենտրոնում ընթացել է նաև մեկ այլ ցույց, որը կազմակերպել էր Britain First (Նախևառաջ Բրիտանիան) աջակողմյան կազմակերպությունը, սակայն երկու ցույցն էլ խաղաղ ավարտ են ունեցել:







































