«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, REX լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը:
– Պարոն Տարասով, ԵԱՀԿ Մինսկի խումբը աննախադեպ հայտարարություն տարածեց՝ Ադրբեջանին կոչ անելով կատարել հակամարտության խաղաղ կարգավորման պարտականությունները, իսկ Հայաստանին՝ լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս հայտարարությունը, երկու կողմերի համար ի՞նչ հետևանք կարող է այն ունենալ:
– Մեր ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանը փորձում է փոփոխություններ մտցնել Մինսկի խմբի ձևաչափում, այսինքն՝ ընդլայնել դրա կազմը: Վերջերս Թուրքիայի ներկայացուցիչն էր խմբում նաև Թուրքիային ներգրավելու առաջարկ արել, իսկ հիմա արդեն խոսակցություն կա Գերմանիային Մինսկի խմբում ներառելու մասին: Նման քայլերն ընդհանուր առմամբ կարող են կաթվածահար անել այն ամբողջ գործընթացը, որ հիմա իրականացնում է Մինսկի խումբը: Սա նման կոշտ հայտարարության առաջին պատճառն է:
Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը մի կողմից՝ բանակցություններ է վարում՝ հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները, դրա որոշ դրույթներ, խոսում են ինչ-որ տարածքներ ազատագրելու մասին, մյուս կողմից՝ Իլհամ Ալիևը հրապարակայնորեն հայտարարում է ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին աջակցելու մասին, որն ինքը չի կատարում, և որն օրակարգը փոխելու փորձ է:
Այս իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խումբը ուղղակի չէր կարող իր անհանգստությունը չհայտնել: Առաջինը Մամեդյարովին են կանչել «հաշիվ պահանջելու», հետո էլ, ինչպես հասկանում եմ, Նալբանդյանին են կանչելու: Ըստ էության, յուրաքանչյուրի հետ հանդիպումից հետո նախազգուշացման առանձին տարբերակ կլինի։
Բարդությունն այս հարցում կայանում է նրանում, որ նախկինում Մինսկի խմբի աշխատանքները զուգահեռաբար ծածկում էին գագաթնաժողովները, օրինակ՝ Փարիզում ՄԱԿ-ի վեհաժողովը, որտեղ հանդիպեցին նախագահները, իսկ հիմա նման գագաթնաժողովներ չեն անցկացվում, և նրանք այլ հնարավորություն չունեն: Նախկինում ինչ-որ հարց էին քննարկում, հետո եռակողմ գագաթնաժողովներին այդ հարցը բարձրացնում, հիմա նման գագաթնաժողովներ չեն պլանավորվում:
Իլհամ Ալիևը մտադիր է Մինսկի խումբ ներառել Թուրքիային ու Գերմանիային՝ այդպիսով ստեղծելով Մադրիդյան նոր սկզբունքներ, և դա անհանգստացնում է՝ բնականաբար: Ինչքան էլ դժգոհում են Մինսկի խմբից, բայց այդ խումբը պետք է մոնիտորինգ անցկացնի, ժամանի տարածաշրջան՝ Ղարաբաղ, Երևան, Բաքու: Եթե խումբն այդ ձևաչափով չաշխատի, ապա հակամարտության լուծման ուղին կաթվածահար կլինի: Այլ տարբերակ չկա, չկան այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են այս հարցով: Եթե չլինի Մինսկի խումբը, ապա կսկսվի իրարանցում, Ադրբեջանը կսկսի մեղադրել Հայաստանին, Հայաստանը՝ Ադրբեջանին, ու իրավիճակն է՛լ ավելի կլարվի: Շատ վտանգավոր իրավիճակ է, այդ պատճառով էլ Մինսկի խումբն ավելի կոշտ ռեժիմով է աշխատում:
– Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս հայտարարությունից հետո փոփոխություն կկրե՞ն: Մի կողմից՝ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ադրբեջանին նման մեղադրանք է ներկայացնում, մյուս կողմից՝ զենք վաճառում: Ռազմական ոլորտում համագործակցությունը կշարունակվի՞:
– Պետք է հասկանալ հարցի էությունը, մի քանի տաբեր հարցեր կան Ձեր նշածի մեջ: Առաջինը՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, և դրանով ամեն ինչ ասված է: Իսկ Ադրբեջանը Աստված գիտի՝ ինչ գործընկեր է, այսինքն՝ իրավիճակային գործընկեր է. դա բոլորովին այլ կարգավիճակ է:
Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահը երբևէ հանդես չի եկել այնպիսի հայտարարությամբ, որը կհակադարձեր մյուս համանախագահների դիրքորոշմանը: Տարվում է թիմային աշխատանք, և Ադրբեջանի՝ համանախագահներին պառակտելու ուղղությամբ ջանքերը արդյունք չտվեցին:
Իսկ Ադրբեջանին զենք վաճառելը ամբողջոթյամբ այլ հարթության մեջ պետք է դիտարկել. դա իրավիճակային բիզնես-գործարք է:
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի և Հայաստանի քվեարկությունների վերաբերյալ: Ռուսաստանը որոշեց մինչև տարվա վերջ չմասնակցել նիստերին և հնարավոր է նաև ընդհանրապես լքի ԵԽԽՎ-ն: Հնարավո՞ր է՝ իր հետ տանի նաև իրեն սատարող պետություններին, ասենք՝ Հայաստանին: 2005-ին նման մի դեպք եղավ, երբ ԵԱՀԿ-ի դեմ ընդունված փաստաթղթի տակ ստիպված եղան ստորագրել ԱՊՀ անդամ բոլոր պետությունները:
– Գիտեք, Հայաստանն այնտեղից դուրս չի գա: Ընդհանրապես Եվրոպան շատ ինստիտուտներ ունի՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ և այլն: Այդ բոլոր հարթակները ուղղակի խորհրդատվական բնույթ ունեն: Ռուսաստանին այնպիսի գործընկերներ պետք չեն, ովքեր Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ նման դիրքորոշում ունեն: Իրենք են գալու ու համոզեն մեզ, որ Ռուսաստանն այնտեղ մասնակցություն ունենա: Իրենք մեզ պետք չեն: Իսկ Հայաստանն իրեն կարող է պահել այնպես, ինչպես ուզում է, ուզում է՝ թող աշխատի, ոչ՝ իր գործն է: Ոչ ոք ոչինչ չի ստիպում Հայաստանին, կոշտ կապվածություն չկա:








































