Հնդկաստանում սկսել են տեղադրել վարչապետի հետ սելֆի-ավտոմատներ: Հնդկաստանի մայրաքաղաքում՝ Նյու Դելիում, հայտնվել են խցիկներ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է սելֆի անել երկրի վարչապետ Նարենդրա Մոդի հետո: Այս մասին հաղորդում է Quartz-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքի շուկաներում և առևտրի կենտրոններում տեղադրվել է ընդհանուր առմամբ նման 1500 ավտոմատ: Նրանք, ովքեր ցանկանում են լուսանկարվել վարչապետի հետ, պետք է կանգնեն ձախ կողմում, իսկ աջ հատվածում դրվում է Մոդիի պատկերը:
Յուրաքանչյուր խցիկում կա սմարթֆոն և էկրան, որտեղ կարելի է տեսնել նախնական լուսանկարը: Վերջնական լուսանկարը ուղարկվում է էլեկտրոնային փոստով կամ հաղորդագրությամբ:
Այսպես կոչված՝ «Մոդիի հետ սելֆի» արշավը նվիրված է Դելիի Օրենսդիր ժողովի ընտրություններին:
Հնդկաստանում 10 օրվա ընթացքում կատարվել է ավելի քան 70 հազար նման սելֆի:














































