Ելույթը, որ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում անցյալ ամիս վերջին ունեցավ Սերժ Սարգսյանը, շարունակում է քննարկման առիթ մնալ: Այն ըստ էության մոտ է այն տոնայնությանն ու տրամադրություններին, որ պետք է ունենա յուրաքանչյուր արժանապատիվ պետություն, արժանապատիվ պետության նույնքան արժանապատիվ բարձրաստիճան որևէ պաշտոնյա, առաջին դեմք, երբ այդ պետությունը ենթարկվում է ռազմական սադրանքների և գտնվում է բարդ տարածաշրջանում ու աշխարհաքաղաքական մարտահրավերների խաչմերուկում: Բայց դա առանձին վերցրած, այսինքն` երբ մենք դիտարկում ենք միայն ելույթն իր բովանդակությամբ:
Մինչդեռ հնարավոր չէ որևէ երկրի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի, առաջին որևէ դեմքի ելույթ դիտարկել առանձին վերցրած, որովհետև այդ ելույթները հանդիսանում են տվյալ գործչի գործունեության ամբողջական շղթայի մի մասը և իրենց ուժն ու նշանակությունը, իրենց արժեքը ձեռք են բերում, ստանում են հենց այդ գործունեության կոնտեքստում: Ընդհանրապես, պետությունների ղեկավարները, նախագահները երբեք ոչինչ չեն անում, չեն կարող անել առանձին վերցրած: Ահա այդ կտրվածքով, Սերժ Սարգսյանի ելույթն էլ առանձին վերցրած լինելով գնահատելի, լինելով այն, ինչ կսպասի յուրաքանչյուր արժանապատիվ պետության քաղաքացի, այդուհանդերձ հայտնվում է այն անկշռության շրջանակում, որն առկա է Սերժ Սարգսյանի ամբողջական գործունեության կոնտեքստում:
Սերժ Սարգսյանը լավ է պատասխանում Ադրբեջանին, հիացնում են նրա պատասխաններն Էրդողանին, բայց այդ ամենից առաջ և ամենից բարձր պատասխանի է սպասում Հայաստանի քաղաքացին՝ իր կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության, երկրում իրավականության, օրինականության մակարդակի, ազատ տնտեսական միջավայրի, մրցակցային տնտեսության, անկախ, աշխատող արդարադատական համակարգի, համակարգային կոռուպցիայի դեմ հասցեական պայքարի վերաբերյալ բազում հարցերի պատասխանների:
Եթե Սերժ Սարգսյանը կարողանար այդ հարցերի վերաբերյալ տալ այնպիսի պատասխաններ, ինչպիսին տալիս է Ալիևին ու Էրդողանին, ապա չլինելով լեգիտիմ ճանապարհով իշխանության եկած գործիչ` նա կարող էր ձեռք բերել լեգիտիմության քիչ թե շատ շոշափելի պաշար՝ գոնե իր պաշտոնավարման վերջում: Բայց նա Հայաստանի քաղաքացուն չի տալիս ոչ մի պատասխան: Ավելի շուտ՝ տալիս է, պարզապես ոչ թե ելույթի տեքստերով, այլ հրամանագրերի, որոշումների, որ կայացվում են իշխանության տարբեր մարմիններում՝ անշուշտ ոչ առանց իր հավանության կամ պարզապես ուղիղ ցուցումի:
Ասենք` Հայաստանի քաղաքացուն նրա տված պատասխանը Լիսկայի մարզպետ վերանշանակումն էր: Հզոր պատասխան, որ ցնցեց Հայաստանի քաղաքացիներին: Կամ` հզոր պատասխան էր վերջին օրերին տարբեր ակտիվիստների և գործիչների հանդեպ կիրառված բռնությունների շարքը, որն ըստ էության բացահայտված չէ: Ավելին` ոչ միայն բացահայտված չէ, այլ նույնիսկ իշխանության ամենավերին ներկայացուցչի անգամ կես խստությամբ խոսքին չի արժանացել նրա իսկ անունով ականջներ կտրող ներքին զորքերի հրամանատար Երանոսյանը: Հզոր պատասխան էր մի քանի օր շարունակված ֆինանսական ցնցումները և այդ ցնցումների պայմաններում իշխանությունների համակ լռությունը: Հզոր պատասխան են Հայաստանում օրեցոր բարգավաճող մենաշնորհները, բարձրացող գները:
Նմանօրինակ հզոր պատասխանների շարքը հնարավոր է շարունակել, որոնք ավելացնում են Հայաստանից հեռացողների կամ հեռանալ ցանկացողների շարքերը: Իսկ երբ այդ շարքը երկարում է, հակառակորդին դիմագրավելու վերաբերյալ մարտունակ ելույթները կորցնում են իրենց բուն արժեքը: Որովհետև որևէ պետության մարտունակության ամբողջական փաթեթը ձևավորվում է ՀՆԱ-ի ցուցանիշներով: Ազգերի, ժողովուրդների, պետությունների մրցակցությունն ու պայքարը երկարատև, կարելի է ասել նույնիսկ հարատև գործընթաց է, և լոկալ գնահատականները կարող են արժեք ունենալ միայն երկարաժամկետ ռազմավարությամբ ամրապնդված լինելու պայմաններում: Իսկ այդպիսի ռազմավարություն Հայաստանի իշխանությունը չունի:
Ռազմավարություն, որը պետությանը կվերաբերի, պետության ապագային, հեռանկարին, ոչ թե սեփական անձին կամ կուսակցական խմբակին: Եթե լիներ պետությանը վերաբերող ռազմավարություն, ապա Հայաստանի իշխանությունը դրանից ինչ-որ բան կմատուցեր հասարակությանը, այլապես պահում էր, որ ի՞նչ անի: Որովհետև անհնար է ունենալ ռազմավարություն, բայց չունենալ թեկուզ կարճաժամկետ շոշափելի արդյունք, որը հանրությանը կհավաստի այդ ռազմավարության գոյությունը և այդպիսով հանրային վստահությամբ կօժտի ռազմավարությունը, էլ ավելի մեծացնելով դրա օգտակար գործողության պոտենցիալը:
Պետական արդյունավետ կառավարումն այդպիսի փոխկապակցված շղթա է և Սերժ Սարգսյանի ՊՆ-ում ունեցած ելույթի մեջ բացակայում է այդ շղթան: Իսկ դա լոկ բացթողում չէ, դա վտանգ է, որովհետև այդպիսի պայմաններում ելույթը կարող է ունենալ հակադարձ «էֆեկտ»: Այդպիսի պայմաններում նմանօրինակ ելույթները դառնում են սեփական քաղաքացիների հարցերին պատասխանների բացակայությունը կամ դրանք ունենալու, գտնելու անկարողության կամ ցանկության բացակայությունը թաքցնող շղարշի գայթակղություն:
Հայաստանի հազարավոր զինծառայողների, հրամանատարների հստակ, հետևողական, անձնուրաց, բարձր պրոֆեսիոնալիզմով կատարվող գործը պետական կառավարման համակարգի վերից վար անգործության կամ գործի անորակության հետևանքով հայտնվում է ռազմա-հայրենասիրական պաթոսով գունազարդվող շղարշի մակարդակի իջեցվելու մեծ և խիստ անարդարացի ռիսկի առաջ: Շղարշ, որի տակ տեղի է ունենում պետության քայքայում` շղարշն աստիճանաբար վերածելով պետության պատանքի, թիկնոց դարձնելու փոխարեն:







































