Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն անդրադարձավ նախօրեին Գյումրի՝ հունվարի 14-15-ի ինքնաբուխ ցույցերին մասնակցած Մնացական Ալեքսանյանի ձերբակալությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ավելորդ շտապողականություն է, և հույս հայտնեց, որ շուտով Մնացականին ազատ կարձակեն. «Ուզում եմ, որ ազատ արձակեն, քանի որ ճիշտ չէ ձերբակալել որևէ մեկին այս պահին: Ես մտածում էի, որ ճիշտ են ոստիկանական աշխատանքները, պետք էր կանչել, բացատրել տղաներին, որ մի անգամ արել եք, մյուս անգամ մի արեք, դա տեղին և ճիշտ եմ համարել, բայց որևէ մեկին ձերբակալել, պատժել այս ամենի մեջ՝ տեղին չեմ համարում»,- հավելեց սրբազանը:
Նա նշեց, որ Գյումրիում ամեն ինչ խաղաղ է:
Սրբազանի կարծիքով՝ Պերմյակովին ի վերջո հանձնելու են հայ իրավապահներին, իսկ եթե չհանձնեն, ուրեմն գյումրեցիները կգտնեն պատասխանելու ձևը, գյումրեցին իր արժանապատվությունը պաշտպանելու ձևերը կգտնի:
Իսկ մի՞թե սա միայն գյումրեցիների արժանապատվության, թե՞ նաև Հայաստանի արժանապատվության խնդիրն է. մեր դիտարկմանն ի պատասխան սրբազանը նկատեց. «Հայաստանի արժանապատվության մասին մենք չենք կարող երաշխավորել, մենք գյումրեցու արժանապատվության մասին ենք խոսում, իսկ ձեր արժանապատվության մասին արդեն դուք պետք է վկայեք: Սա արժանապատվության հարց է»,- հավելեց նա:
Իսկ այն առնչությամբ, որ «Ինտերֆաքսը» գրել էր, թե Վալերի Պերմյակովին դատելու են ռազմաբազայի ռազմական դատարանում, սրբազանը նշեց. «Ինչ է, «Ինետրֆաքսն» այն օրգանն է, որ պետք է հավատա՞լ, թե պետք է Պերմյակովին դատեն ռուսական ռազմաբազայում»:
Կարծում եք՝ ռուսական կողմում Պերմյակովին հանձնելու պատրաստակամություն կա՞ր. Այս հարցին Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Ես ասել էի արդեն, որ «հանձնել» տերմինը ռուսական կողմը չի օգտագործի երբեք, քանի որ դա իր համար անպատվաբեր է, հանձնե՞լ, չէ, չեն հանձնի, բայց կփոխանցեն, հուսով եմ»:










































