Մեծ Բրիտանիան մոտ 1000 զինծառայող և 4 Typhoon բազմաթիրախ կործանիչներ կուղարկի Արևելյան Եվրոպայի երկրներ՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի տրամարդրության տակ, նաև կգլխավորի ուժերի հրամանատարությունը 2017 թ.: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Հինգշաբթի Բրյուսելում անցկացվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը: Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկում են արագ արձագանքման առաջապահ ուժերի ձևավորման և 6 արևելաեվրոպական երկրներում հրամանատարական կենտրոնների ստեղծման ծրագիրը:
«ՆԱՏՕ-ն բախվում է անվտանգության սպառնալիքի հետ, և մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է մեր ներդրումն ունենալ անցած տարի Ուելսում տեղի ունեցած գագաթնաժողովի որոշումների իրագործման հարցում: Այդ ծրագիրը ցույց է տալիս դաշինքի կողմնակցությունը մեր հավաքական անվտանգության ապահովմանը, սակայն խոսքերը պետք է ամրագրվեն գործով: Ուստի ես ուրախ եմ հայտարարելու, որ Մեծ Բրիտանիան ռոտացիոն հիմունքով 2017 թ. կգլխավորի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը և կաջակցի 2015 թ. Բալթյան օդային տարածքի պարեկության առաքելությանը»,- ասել է Ֆելոնը Բրյուսելում:
Նրա խոսքերով՝ մոտ 1000 բրիտանացի զինծառայողներ կտեղակայվեն Լեհաստանում և Ռումինիայում:









































