Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների թվիթը, որում նա չինական շեշտադրության իմիտացիա է արել, քննադատություն է առաջացրել սոցցանցերում և ԶԼՄ-ների հրապարակումներում, ընդ որում՝ արևմտյան պարբերականների որոշ հոդվածագիրներ այդ իմիտացիան անվանել են վիրավորական: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Քիրշները պաշտոնական այցով Չինաստանում է: Չորեքշաբթի օրը նա մասնակցել է արգենտինա-չինական բիզնես ֆորումին, հանդիպել է Չինաստանի նախագահի հետ, մասնակցել երկկողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթի ստորագրմանը:
Սոցցանցերում իր հաղորդագրություններում Քիրշները բարձր է գնահատել այցի ընթացքը՝ այդ օրն անվանելով «առանձնահատուկ և ավելի քան կարևոր»: Սակայն Twitter-ում չինական շեշտադրությամբ նրա հաղորդագրություններից մեկը խիստ քննադատության է արժանացել ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
«Միջոցառումը հազարից ավելի մասնակից ուներ: Նրանք, ի՞նչ է, բոլորը «Կամպոլայի՞ց են»»,- գրել է Քիրշները: («Կամպորան» արգենտինական երիտասարդական իշխանամետ կազմակերպպություն է, որի անդամները ներկա են լինում իշխանությունների բոլոր զանգվածային ակցիաներին):
«Նանք, ի՞նչ է, այստեղ են եկել միայն բրինջ (բրինձ) և նավթ ստանալո՞ւ: (Օրիգինալ թվիթում՝ petloleo, խեղաթյուրված իսպաներեն petroleo-ն):
Հաջորդ թվիթում Քիրշները նշել է. «Սորրի: Հիմա այնքան շատ է ծիծաղելին ու անհեթեթը, որ ամեն ինչ պետք է հումորով ընդունել: Հակառակ դեպքում՝ այդ ավելցուկները շատ, շատ թունավոր են»:
Washington Post պարբերականը, մեկնաբանելով Արգենտինայի նախագահի թվիթը, այն անվանել է «ռասիստական», իսկ Business Insider-ը՝ «բացառապես վիրավորական»: Բրիտանական BBC-ն այդ թվիթն անվանել է «վիճելի», իսկ իսպանական ABC-ն՝ Քրիստինա Քիրշների «չինական հումոր»:




































