Ռուսաստանի գլխավոր դատախազությունում տեղեկություն չունեն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումի մասին:
ՀՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ իր գործընկեր Յուրի Չայկային՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու պահանջով: Դիմումի վերաբերյալ այլ մանրամասներ դատախազությունը հրապարակել նպատակահարմար չի համարել:
Երեկ ողջ օրվա ընթացքում ՌԴ դատախազության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ի այն հարցադրմանը՝ ստացե՞լ են արդյոք դիմումը, քանի՞ օրվա ընթացքում է հնարավոր պատասխան ակնկալել, պատասխանեցին , որ տեղեկություն չունեն այդ մասին, ապա մեզնից հետաքրքվեցին, թե վստա՞հ ենք, որ դիմումն ուղարկվել է:
ՌԴ դատախազության մամուլի ծառայության ախատակիցը մեր բազմաթիվ հարցումներին ի պատասխան երեկոյան հայտարարեց, որ տվյալ խնդրի հետ կապված հարցադրում է ուղարկել վերադասին, սակայն որևէ պատասխան չի ստացել: Ապա մեզ խորհուրդ տվեցին տվյալ հարցադրմամբ ֆաքս ուղարկել ՌԴ դատախազություն և սահմանված ժամկետում ակնկալել պատասխան:










































