Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է բյուջետային վերահսկողության լիազորություն տալ Ազգային ժողովին: Այսինքն՝ Վերահսկիչ պալատից բացի, նման վերահսկողություն իրականացնի նաև Ազգային ժողովը: Օրինագիծը ներկայացրել են ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը:
Սա շատ հետաքրքրական իրողություն է իրականում: Եթե այս նախաձեռնությունը մինչև վերջ հասցվի ավարտին, ապա, ըստ էության, կնշանակի, որ Ազգային ժողովը, այսպես ասած, հավելյալ քաղաքական լծակ է ստանում և Վերահսկիչ պալատի, և նաև կառավարության հանդեպ: Այս նախաձեռնությունը ամենայն հավանականությամբ բխում է ներիշխանական հակասությունների տրամաբանությունից կամ այլ կերպ ասած՝ իշխանության համար ներիշխանական պայքարի տրամաբանությունից, և կարելի է ասել, որ ԱԺ կանոնակարգի այս փոփոխությունը մի կողմից՝ նշանակում է Սերժ Սարգսյանի անվստահություն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի, մյուս կողմից՝ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հանդեպ:
Այսպիսով՝ կառավարությունն ըստ էության ևս մի լծակով կախվածություն է ձեռք բերում Ազգային ժողովից, եթե վերջինս ստանում է բյուջետային վերահսկողության հնարավորություն: Չի բացառվում, որ վերջին շրջանում Իշխան Զաքարյանի պասիվությունը պայմանավորված է նաև սույն անվստահության հանգամանքով: Թեև Զաքարյանը կարծես Սերժ Սարգսյանի հանդեպ հրապարակային որևէ բացթողում թույլ չի տվել, սակայն այստեղ տեղին է հիշել այն, ինչ Զաքարյանը թույլ է տվել Տիգրան Սարգսյանի կառավարության հանդեպ, երբ մեկ տարի առաջ ԱԺ-ում ներկայացնում էր Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Ըստ էության, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Զաքարյան-Աբրահամյան կոլեկտիվ գրոհ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ, ըստ որում՝ Սերժ Սարգսյանի արձակուրդի օրերին: Եվ դրանից հետո հատկապես հիշարժան է Սերժ Սարգսյանի հայտնի գնահատականները Իշխան Զաքարյանին, երբ նա մեղադրվեց քաղաքականությամբ զբաղվելու մեջ և հնչեց անգամ ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեու սպառնալիք:
Ավելորդ է երևի թե ասել, որ եթե խորհրդարանում անցնում է նման օրինագիծ, ապա անցումը կատարվում է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց ըստ էության ևս մեկ՝ արդեն գործնական, ոչ բանավոր հարված է փորձում հասցնել Զաքարյան-Աբրահամյան տանդեմին:
Ասել կուզի՝ Սերժ Սարգսյանի խնդիրը մեկ տարի առաջ բոլորովին Տիգրան Սարգսյանը չէր, պարզապես տանդեմը գործել էր, այսպես ասած, ինքնագործունեության տրամաբանությամբ, ինչի վկայությունը Սարգսյանի բարկությունն էր և շարունակությունն արդեն այսօր՝ Վերահսկիչ պալատի քաղաքական նշանակությունը նվազեցնելու և Հովիկ Աբրահամյանի հանդեպ խորհրդարանական լրացուցիչ վերահսկողություն սահմանելու տեսքով:
Այս կոնտեքստում բոլորովին պատահական չի թվում, որ ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է նախաձեռնության սահմանադրականությունը, այսինքն՝ նրբորեն պաշտպանվում են Հովիկ Աբրահամյանի շահերը, իհարկե՝ շատ ավելի մեծ շրջանակով՝ ներառյալ գործընկեր ԲՀԿ-ն, որն այսօր հանդիսանում է վարչապետի, այսպես ասած, գլխավոր երաշխավորը:
Ի վերջո՝ պետք չէ մոռանալ, թե որտեղից է Իշխան Զաքարյանը հայտնվել Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնին՝ ԲՀԿ-ից: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանին մտահոգել են նաև ավելի խորքը տանող ուղիները՝ ելնելով այն բանից, որ Զաքարյանը Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ և վստահելի պաշտոնյաներից է եղել:









































