Օրերս լույս է տեսել թուրք գրող Քադիր Մըսըրօղլուի «Անցյալից մինչև մեր օրերը. Հայկական հարցն ու զուլումները» հակահայ գիրքը։ Այս մասին հայտնում է թուրքական «Ենի Աքիթ» թերթը։
Մըսըրօղլուն պնդում է, որ գիրքը, որում հիմնականում խոսվում է հայերի տեղահանության մասին, հիմնված է «իրական» փաստերի վրա, որոնք իբր ապացուցում են, որ 1915 թվականի դեպքերը որևէ առնչություն չունեն ցեղասպանության հետ։ Հայոց ցեղասպանությունը ժխտող «պատմաբանի» կարծիքով՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կողմերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, արդյունքում հայերին տեղահանելու մասին որոշում է կայացվել։
Բացի դրանից՝ Մըսըրօղլուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ 2014 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձի համար. «Մեր ժողովրդի կողմից նախագահ ընտրված Էրդողանը չպետք է «ցավակցական ուղերձ» հղեր հայերին, որոնց նախնիները 100 տարի առաջ տեղահանվել են Թուրքիայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով»։
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թայիփ Էրդողանի անունից տարածված և աղմուկ բարձրացրած ուղերձը հաճախ է շրջանառվում թուրք պաշտոնյաների կողմից որպես դրական քայլ: Հայտարարությունը յոթ լեզվով էր, ինչն էլ վկայում է, որ այն ուղղված էր ոչ միայն թուրքական և հայկական լսարաններին, այլ նաև միջազգային խնդիրներ էր լուծում:
Էրդողանի ուղերձը մի շարք լրատվամիջոցներ ու շրջանակներ շտապեցին որակել որպես «ցավակցություն» Ցեղասպանության համար, սակայն այնտեղ ցեղասպանության որևէ հիշատակում չկար: Միջազգային մի շարք կառույցներ շտապեցին Էրդողանի քայլը դրական առաջընթաց որակել, այնինչ իրականում թուրքական իշխանությունների այս քայլը Ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության արտացոլումն էր:
2015 թվականին ընդառաջ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:








































