ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի զինվորներ և սպաներ, շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր բանակն արդեն 21 տարեկան է: Սա մեծ իրադարձություն է բոլորիս համար: 1992 թվականին նորանկախ Հայաստանը Արցախյան պատերազմի, շրջափակման պայմաններում ձեռնամուխ եղավ սեփական բանակի կազմավորմանը և քսանմեկ տարի անց մենք ունենք մի բանակ, որն այս ընթացքում ծառայեց հայրենիքի անվտանգությանն ու մեր սահմանների պաշտպանությանը:
Փաստելով, որ վերջին տարիներին մեր բանակը լուծել է իր առջև դրված նորաստեղծ երկրին հատուկ բազմաթիվ հարցեր, այդուհանդերձ, նախագահական ընտրություններին ընդառաջ, ի թիվս Հայաստանի զարգացմանն ուղղված մի շարք խնդիրների, հրապարակել եմ բանակի հետագա զարգացման ծրագիր և հույս ունեմ, որ պարտադիր վճարովի զինվորական ծառայության պայմանները կնպաստեն մեր բանակի էլ ավելի կատարելագործմանն ու հզորացմանը:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի `Հայոց բանակի 21-ամյակի առթիվ, խոնարհվում եմ Արցախյան ազատամարտի մեր զոհերի հիշատակի և մեր ազատամարտիկների` հայրենիքին մատուցած ծառայությունների առջև»:







































