Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների արձագանքներում՝ կապված հունվարի 31-ին Լեռնային Ղարաբաղի դարպասների մոտ տեղի ունեցած բռնությունների հետ, ակնհայտորեն բացակայում են անսպասելիության, անակնկալի եկած լինելու տարրերը: Այդ արձագանքներում, համենայնդեպս՝ մինչև հիմա եղած, կա զարմանալի սառնասրտություն, զարմանալի հանդարտություն, ինչը վկայում է, որ կատարվածի վտանգները Հայաստանի և Ղարաբաղի համար այս մակարդակում չեն գիտակցվում: Հակառակ պարագայում չէին կարող լինել Ղարաբաղի ոստիկանության, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվելի, ՀՀԿ-ական մի շարք այլ պատգամավորների հայտարարությունները: Կամ՝ նմանօրինակ հայտարարությունները պետք է լինեին միանգամայն այլ բովանդակությամբ, որովհետև անզեն աչքով անգամ տեսանելի է, որ պետություն ենք կորցնում:
Սակայն նմանօրինակ արձագանքները ըստ էության վկայում են ոչ թե ադեկվատության բացակայության մասին, այլ պարզապես տեղի ունեցածի, այսպես ասած, ծրագրավորվածության:
Ըստ որում, խնդիրը բոլորովին այն չէ, որ Ստեփանակերտում կամ Երևանում նստել են ու մտածել, որ ինչ-ինչ պատճառներով հարկավոր է ավտոերթը կասեցնել բռնությամբ, նմանօրինակ դաժանությամբ: Ասել կուզի՝ ծրագրավորվածությունն այստեղ ունի առանձնահատուկ իմաստ, և բոլորովին պետք չէ պատկերացնել նախապես գրված ինչ-որ սցենար: Թեև, իհարկե, սա չի էլ նշանակում, որ չի եղել այդ սցենարը: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, հենց սցենար է եղել, որովհետև դրա մասին են վկայում իրադարձությունների զարգացման մասին պատմող ականատեսները, նաև տեսագրությունները: Այսինքն՝ բռնությունը եղել է ոչ թե պահի որոշում կամ, այսպես ասած, պլան «բ»՝ պլան «ա»-ի չաշխատելու դեպքում, այլ եղել է հենց պլան «ա»:
Ծրագրավորվածության առումով, սակայն, իրավիճակն ունի նաև մեկ այլ կողմ, և այս կողմում ոչ պակաս վտանգավոր տարրեր են: Այսինքն՝ առնվազն մտածողության, ընկալումների մակարդակում Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունների համար նմանօրինակ իրադարձությունը եղել է միանգամայն սպասելի, հավանական, հնարավոր, թույլատրելի:
Ասել է թե՝ նրանք նմանօրինակ զարգացման մեջ չեն տեսել արտառոց, վտանգավոր, ամոթալի որևէ բան, որը զերծ կպահեր նման որոշում կայացնելուց: Սա է ամենացնցողն ու ամենամտահոգողը՝ սխալի գիտակցման լիակատար բացակայությունը, համոզվածության անբեկանելի զգացումը: Ասել կուզի՝ մենք ինչ-որ առումով դարձել ենք որոշակի ֆանատիզմի, այսպես ասած՝ իշխանական ֆունդամենտալիզմի դրսևորման վկաներ:
Սա էլ, անշուշտ, նոր բան չէ, վերջին հաշվով՝ Մարտի 1-ի վկան էլ մենք ենք: Սակայն սրանով մենք համոզվում ենք, որ ինքնախաբեություն են այն տեսակետներն ու կարծիքները, որ իշխող համակարգը այլևս իրեն չի կարող թույլ տալ երկրորդ Մարտի 1:
Հունվարի 31-ին ըստ էության պարզ դարձավ, որ նոր Մարտի 1-ը միանգամայն հնարավոր է: Հնարավոր է, քանի դեռ լիակատար անպատասխանատվություն է Մարտի 1-ի համար, քանի դեռ տարիների ընթացքում Մարտի 1-ի արյունահեղության համար պատասխանատվությունը հստակեցնելու, այս կապակցությամբ իշխանություններից հասարակական-քաղաքական պահանջները կոնկրետացնելու և ուժգնացնելու փոխարեն՝ քաղաքական օրակարգերում իրականում տեղի է ունեցել Մարտի 1-ի պատասխանատվության փոշիացում և լղոզում, տարրալուծում տարատեսակ քաղաքագիտական կոմբինացիաների մեջ, ստորադասում տարատեսակ կուսակցական նպատակահարմարությունների և այսպիսով իշխանությունների համար նոր ուժային օպերացիաների պարարտ հողի ստեղծում, իշխանությունների անպատժելիության համոզվածության խորացում, ինչն էլ ըստ էության բերել է նրան, որ Հայաստանում վերջին շրջանում էապես մեծացել է բռնության բաղադրությունը քաղաքական գործընթացների հանդեպ իշխանության գործողություններում:








































