Լրագրող Ռաուֆ Միրկադիրովին առանց դատարանի որոշման երկու օր կալանքի տակ պահելու կապակցությամբ պաշտպանությունը բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում է Turan-ը՝ հղում անելով փաստաբան Էլմար Սուլեյմանովին:
Միրկադիրովը ձերբակալվել է 2014թ. ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսումից անմիջապես հետո: Նրան պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել, ապրիլի 21-ին նրան 3 ամսով կալանավորել են:
Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար: Լրագրողը հերքում է մեղադրանքը, այն համարում է անհեթեթ ու քաղաքականապես մոտիվացված:
Հուլիսի 15-ին կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով, որը սպառվել է նոյեմբերի 19-ին: Սակայն դատարանը միայն նոյեմբերի 20-ին է կալանքի ժամկետը երկարաձգել ևս 5 ամսով:
Այդպիսով լրագրողն առանց դատարանի որոշման ապօրինաբար կալանքի տակ է պահվել մոտ 2 օր:
Եվրոպական դատարան ներկայացված բողոքը վերաբերում է Միրկադիրովի ազատության և անձնական անձեռնմխելիության, արդարացի դատի և Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման հարցերին:
Սա Միրկադիրովի երկրորդ հայցն է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Առաջինը վերաբերում էր Թուրքիայում ձերբակալության ժամանակ նրան փաստաբանի հասանելիությունից զրկելու, հետաքննչական մեկուսարանում հարազատների հետ հանդիպելու արգելքի, նրա մոտ նոտար չթողնելու և այլ հարցերի:












































