Արաբական աշխարհում հայտնվել է Al Arabiya, Al Jazeera, Sky News Arabia և RT հեռուստաալիքների նոր մրցակից՝ Al Arab հեռուստաընկերությունը, որի հեռարձակումը սկսվել է Բահրեյնի մայրաքաղաքից: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտարարում են նոր ալիքի ղեկավարության ներկայացուցիչները, Al Arab-ը կլինի անկախ՝ ի տարբերություն իր մրցակիցների:
Ավանդաբար համարվում է, որ Al Arabiya-ի, որի տերը Սաուդյան Արաբիայի թագավորի հարազատներից մեկն է, խմբագրական քաղաքականությունը աջակցությունն է երկրի ղեկավարությանը: Իսկ «Ալ-Ջազիրան» ներկայացնում է Կատարի շահերը: Եվ չնայած երկու ալիքներն էլ հերքում են նման հայտարարությունները՝ Եգիպտոսում «արաբական գարնան» իրադարձությունների ժամանակ դա մեծապես զգացվում էր: Մինչ «Ալ-Ջազիրան» հանդես էր գալիս «Մուսուլման եղբայրների» կողմից, Al Arabiya-ի սյուժեներում մեկնաբանություններ էին հնչում այդ կազմակերպության դեմ՝ նշում է TASS-ը:








































