Բրիտանական հեղինակավոր The People-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու գլխավոր հավակնորդն է Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի շուրջն ամբողջությամբ վեճեր են: Հաղորդման համաձայն՝ նա վատ հարաբերությունների մեջ է Իկեր Կասիլյասի ու Սերխիո Ռամոսի հետ: Այս պայմաններում «Արքայական ակումբը» նոր գլխավոր մարզիչ է որոնում, ով կզբաղեցնի իր պաշտոնը մյուս մրցաշրջանից:
«Ռեալ»-ի նախագահը տարված է Արսեն Վենգերի տաղանդով: Չնայած լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը մերժել է «Ռեալ»-ի առաջարկը, Ֆլորենտինո Պերեսը համոզված է, որ կարող է «Բեռնաբեու» բերել ֆրանսիացի մասնագետին:
Վենգերի պայմանագրի ժամկետն «Արսենալ»-ի հետ լրանում է 2014 թվականին, բայց «Ռեալ»-ի նախագահը ևս մեկ առաջարկ է անելու նրան, սակայն այդ առաջարկը լինելու է միայն ամռանը:
«Սերուցքայինները» հավատում են, որ 17 տարի «Արսենալ»-ը գլխավորելուց հետո, 8 տարի տիտղոս չնվաճելուց հետո Վենգերը կարող է հեռանալ թիմից, ավելի ճիշտ՝ հեռացվել, քանի որ տիտղոսային սովը դուր չի գալիս լոնդոնյան ակումբի ղեկավարությանը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վենգերը կարող է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվել, սակայն «Ռեալ» տեղափոխությունն ավելի հավանական տարբերակ է: «Արսենալ»-ում նա տարեկան 7 միլիոն ֆունտ աշխատավարձ է ստանում:








































