Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը կարծում է, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Հայ ազգային Կոնգրեսի ձևաչափում որոշակի փոփոխություններ կլինեն: Նա դեռ չգիտի ՀԱԿ-ը կձևափոխվի կուսակցությա՞ն, թե՞ այլ միավորման: Այս օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ ընտրություններից հետո ՀԱԿ-ը կդառնա կուսակցություն: ՀԱԿ-ից դուրս կգան իրենց ինքնուրույնությունը կորցնել չցանկացող միավորներն ու կուսակցությունները, իսկ մնացածը կմիավորվեն մեկ կուսակցության մեջ:
Ս. Կարախանյանն առավել հավանական է համարում այն տարբերակը, որ Կոնգրեսը կարող է որոշակիորեն փոխի ֆորմատը, բայց նորից ինչ-որ ուժերի միավորում մնա: Նրա կարծիքով` ՀԱԿ-ից կարող է դուրս գան սկզբունքային ու տակտիկական տարաձայնություններ ունեցող ուժերն ու գործիչները: Իսկ ՀԱԿ-ին կարող են միանալ այլ ուժեր, կամ որ ավելի հավանական է՝ քաղաքացիական նախաձեռնություններ: Նրա կարծիքով առաջ կգան նոր, երիտասարդ գործիչներ, որոնք մինչ այժմ այնքան էլ հրապարակային չեն եղել: «ՀԱԿ-ը պետք է նոր ձևաչափ ստանա, ՀԱԿ-ում, իհարկե, կան տարբեր ուղղություններ: Այդ խմորումները հավանաբար կբերեն ավելի բնական միավորման ու զարգացման, թարմացումներ կլինեն: Շարժմանը հավատարիմ գործիչները կշարունակեն պայքարը: Պայքար քրեաօլիգարխիկ համակարգից ազատվելու, Հայաստանում ժողովրդավարություն, ազատ և ամուր պետականություն ստեղծելու համար: Այդ պայքարը շարունակվելու է: Առաջ կգան նոր լիդերներ, նոր դեմքեր: ՀԱԿ-ը իր ֆունկցիան դեռ չի վերջացրել և հստակորեն գնալու է այդ պայքարին»,- կարծում է Ս. Կարախանյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ում տեղի ունենա նաև առաջնորդի փոփոխություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս չցանկանա ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Ս. Կարախանյանն այդպես չի կարծում ու հավելում է, որ ՀԱԿ առաջնորդը ասել է, որ չի հեռանա: Հնարավոր է, որ չմասնակցի ակտիվ միջոցառումներին, բայց որպես հիմնադիր և որպես պատվավոր նախագահ կմնա: Նրա խոսքով, մոտակա ժամանակներում ՀԱԿ-ում առանց Լ. Տեր-Պետրոսյանի որոշումներ չեն կայացվի: Ռուսաստանահայ գործիչն ասաց, որ ՀԱԿ-ը նա է ստեղծել և հիմնական որոշումներն էլ նա է ընդունել, իհարկե՝ լսելով տարբեր կարծիքները:
Նախագահական ընտրություններից մի քանի ամիս հետո Երևանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Ս. Կարախանյանի կարծիքով` մինչ այդ Կոնգրեսն արդեն վերակազմավորված կլինի և չի բացառվի, որ այդ ընտրություններին արդեն մասնակցի: Ս. Կարախանյանը նաև հետաքրքիր միտք նշեց, որ Ռուսաստանում բնակվող հայերը, հատկապես ՀՀ քաղաքացիները բավականին դառնացած են և պատեհ իրավիճակի են սպասում, որ այստեղ «օրինականություն» հաստատեն: Նրա խոսքերով, ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Նրանք երբեմն ՌԴ-ի քաղաքացիություն են ստանում, բայցև միաժամանակ չեն հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Սպասում են, որ ի վերջո վերադառնալու են իրենց երկիր և փոփոխություններ իրականացնելու, և օրինական իշխանություն հաստատելու համար: «Այս իրավիճակը պայթելու է, ու Հայաստանը կանգնելու է խայտառակ իրավիճակի առաջ»,- ասաց Ս. Կարախանյանը:
Բայց արդյոք դա չի՞ նշանակի, որ Ռուսաստանը հայերի միջոցով ՀՀ ներքաղաքական կյանքի վրա անմիջական ազդեցություն կունենա: Չէ՞ որ ՌԴ իշխանությունները հսկողության տակ են պահում Հայաստանից գնացած և այնտեղ քիչ թե շատ աչքի ընկնող գործարարներին: Եվ մինչ այժմ էլ ՌԴ-ն նրանց միջոցով ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունեցել է: Այս դեպքում արդյոք ավելի՞ վճռական ազդեցության մասին է խոսքը: Ս. Կարախանյանը չհամաձայնեց այս դիտարկման հետ: Նրա խոսքերով, Ռուսաստանն ընդամենը ցանկանում է, որ Հայաստանում լինի ուժեղ պետականություն և ընտրված իշխանություն: «ՌԴ-ն խնդիր չունի խառնվել ՀՀ ներքին հարցերին, ՌԴ-ն ճակատագրի բերումով կանգնում է փաստի առաջ, երբ ՀՀ-ից 1 մլն մարդ տարվա ընթացքում մշտական կամ ոչ մշտական գտնվում է իր մոտ: Նրանց կեսից ավելին դառնացած է և միշտ պատրաստ է վերադառնալ: Շատ դառնացած են: Այդ մարդիկ սկզբունքայնորեն ասում են, որ այստեղ չեն ուզում մնալ, ուզում են գնալ իրենց հայրենիքը կառուցել: Բայց այսօրվա դրությամբ այդ հնարավորությունը չունեն»,- եզրափակեց Ս. Կարախանյանը:








































