Սիրիայի տարածքում երբեք չեն ստեղծվի քրդական և ալավիական պետություններ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Արտգործնախարարի խոսքերով` Սիրիայում երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հեռանալուց հետո կպահպանվի պետական կառուցվածքի ունիտար ձևը:
Ավելի վաղ որոշ արաբական ԶԼՄ-ներ հաղորդել էին այն մասին, որ իշխանությունից Բաշար Ալ-Ասադի հեռանալուց հետո կստեղծվեն քրդական և ալավիական պետություններ:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկուկես տարի շարունակվում են բախումները կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև: ՄԱԿ-ի տվյալներով` այս ընթացքում հակամարտությունը խլել է ավելի քան 60 հազար մարդու կյանք:







































