«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը մեծ արձագանք է ստացել մեր գործընկերների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների շրջանում, արդյունքում նրանցից շատերը (Աժ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը) հանդես են եկել նախաձեռնություններով՝ պահանջելով թերթի դեմ հայց ներկայացրած Խաչիկ Խաչատրյանից՝ Ձվերի Խաչիկից, հետ վերցնել հայցադիմումը, իսկ վարչական դատարանից՝ հանել «Ժողովուրդ»-ի ու լրագրող Սոնա Գրիգորյանի ունեցվածքի վրա դրված 3 մլն դրամանոց արգելանքը:
«Ժողովուրդ»-ի ընթերցողների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվեց պարզել նաև, թե ովքեր են կանգնած իր արժանապատվությունը 3 մլն դրամ գնահատած Խաչիկ Խաչատրյանի թիկունքում: Պարզվում է՝ նրա հովանավորներն են՝ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ս. Սարգսյանի առաջին փեսա Միքայել Մինասյանը: Հասկանալի է, որ այս երեք անձինք Խ. Խաչատրյանի միջոցով փորձում են նախընտրական շրջանում անել ամեն ինչ՝ «Ժողովուրդ» օրաթերթը փակելու համար: Ասել է թե՝ «Ժողովուրդ» օրաթերթը կանգնած է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի, հարազատ փեսայի ու քավորի կոկորդներին: Բայց թերթը շտապում է հիասթափեցնել՝ «Ժողովուրդ»-ը կշարունակի աշխատել:







































