ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ուրբաթ օրը Իրաքի կառավարությանը և երկրի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել երկխոսություն սկսել, որը կնպաստի հետագա բռնությունների կանխարգելմանը: Այս մասին տեղեկացրել է Էշթոնի մամլո ծառայությունը:
Չորեքշաբթի օրն Իրաքի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանով 42 մարդ էր զոհվել, 75-ը վիրավորվել էին: Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչ-մահապարտը շիաների մզկիթում ինքն իրեն պայթեցրել էր: Դրանից հետո ահաբեկչական գործողությունները շարունակվել են. դրանց զոհ են դարձել տասնյակ մարդիկ:
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը Իրաքի կառավարությանը և իրաքյան բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին կրկին կոչ է արել երկխոսություն սկսել: Ամբողջ Իրաքում արդյունավետ և բազմակողմանի ժողովրդավարական կառավարություն ապահովելը, որը պետք է ամրապնդված լինի օրենքի գերակայության և սահմանադրության նկատմամբ հարգանքի վրա, հետագա բռնություններին դիմակայելու ամենալավ հնարավորությունը կլինի»,– ասվում է մամլո հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ վճռականորեն դատապարտվում են Իրաքում վերջին շրջանում կատարված ահաբեկչությունները:
Իրաքում լարվածության սրումը կապված է սունիների և շիաների հակամարտության հետ: 1997 թ. մարդահամարի տվյալներով՝ Իրաքի բնակչության 66 %-ը մուսուլման շիաներն են կազմում, 34 %-ը՝ սունիները:







































