Լեհաստանում գործադուլ հայտարարած երկաթուղու աշխատակիցների կանգնեցրած գնացքների թիվը հասել է 395-ի։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի խոշորագույն երկաթուղային օպերատորին՝ RKR-ին:
Երկաթուղու աշխատակիցները, որոնք բողոքում են իրենց արտոնությունները չեղյալ հայտարարելու ծրագրերի դեմ, տեղի ժամանակով ժամը 07:00-ին սկսել են երկժամյա գործադուլ: Ժամանակացույցի համաձայն՝ այդ ժամին երթևեկության մեջ պետք է լիներ շուրջ 1000 գնացք: Կայարաններում դրանք կանգնել են միջինը 20-40 րոպե, սակայն որոշ դեպքերում հարկադիր դադարը տևել է գրեթե երկու ժամ:
Արգելափակվել էին հիմնական երկաթուղային կայարանները, ինչպիսիք են՝ Վարշավա-Կենտրոնական, Կրակով-Գլխավոր, Կատովիցե, Սոսնովեց, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին:
2012 թ. աշնանը Լեհաստանի տրանսպորտի նախարարությունը և RKR ղեկավարությունը հաղորդել են երկաթուղու աշխատակիցներին նրանց և թոշակառու երկաթուղայինների արտոնությունները սահմանափակելու մասին։









































