Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին լրագորղներին Դավոսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին:
«Երկու երկրների միջև այսօրվա իրավիճակը օգուտ չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Վրաստանին, մեր միջև հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների շահերից»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ նախօրեին Դավոսում ծանոթացել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Իվանաշվիլիի խոսքերով՝ իրենք միմյանց ձեռք են սեղմել և հաջողություն մաղթել:
Պատասխանելով հարցին՝ նախատեսվո՞ւմ են հանդիպումներ ՌԴ ղեկավարության հետ, Իվանաշվիլին ասել է, որ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման գործընթացը զարգանա, ապա նման հանդիպումներ ապագայում կլինեն:
Այսօր առավոտյան Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում «Սբերբանկ»-ի կողմից կազմակերպված նախաճաշին Իվանավշիլին առաջարկել է մտածել այն մասին, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ինչպես դարձնել ընկերական:
«Չենք հիշի վատի մասին: Միայն կծրագրենք, թե ինչպես դուրս գալ փակուղուց, ինչպես վերածենք մեր հարաբերություններն իսկական ընկերության»,- ասել է նա:
Ի պատասխան՝ «Սբերբանկ»-ի նախագահ Հերման Գրեֆն ասել է, որ հաճույքով կհամագործակցեն և կաշխատեն Վրաստանի հետ:








































