Հունաստանի աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, վարչապետ Անտոնիս Սամարասը ճանաչել է պարտությունը կիրակի երկրում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում և հաղթանակի առիթով շնորհավորել ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասին՝ հայտնում է Reuters գործակալությունը։
«Հույն ժողովուրդն ասաց իր խոսքը, և մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասել է Սամարասը հեռուստաելույթի ժամանակ։ Նա խոստացել է, որ իր կուսակցությունը վճռորոշ դեր կխաղա խորհրդարանում և կշարունակի եվրոպական կուրսը։
Սամարասի հետ հեռախոսազրույցում Ցիպրասը նկատել է, որ քաղաքականությունում լինում են ուրախ և տխուր պահեր։
Վերջին հաշվարկներով՝ ՍԻՐԻԶԱ-ն հավաքել է մոտ 36 տոկոս, իսկ «Նոր ժողովրդավարությունը»՝ 28 տոկոսից փոքր-ինչ ավելի։









































