Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն իրար հետևից հայտարարում են գալիք նախագահական ընտրություններին գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Նախ` Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս մասին հայտարարեց, հետո նույն խմբակցության պատգամավոր, Գյումրիի թիվ 34 ընտրատարածքի պատասխանատու Մարտուն Գրիգորյանն ասաց, որ ընտրելու է ՀՀԿ առաջնորդին:
Ի դեպ, երկուսն էլ չնայած անչափ հարգում են իրենց կուսակցության որոշումը, այդուհանդերձ` իրենք անձնապես որոշել են ընտրել գործող նախագահին:
Հատկանշական է այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ կուսակցության անդամները, իրար հերթ չտալով, հայտարարում էին, թե երկիրը կործանվում է, Հայաստանից արտագաղթող մարդկանց թիվն օրեցօր ավելանում է և այլն: Կուսակցության անդամներից մեկին էլ՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, բանտ չնստած` արդեն քաղբանտարկյալ էին անվանում՝ ասելով, որ նա հալածվում է իշխանության կողմից:
Ու թեև բազմիցս է հայտարարվել ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին, այդուհանդերձ` այսօր ՀԱԿ-ի անդամներից մեկը՝ Գյումրիի ՀՀՇ գրասենյակի ղեկավար Մուրադ Գրիգորյանը, նշեց, որ իրենք երբեք էլ ԲՀԿ-ի հետ չեն համագործակցել:
Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Մուրադ Գրիգորյանի հետ:
– Պարոն Գրիգորյան, Գյումրիում, իրար հերթ չտալով, ԲՀԿ-ականները հայտարարում են առաջիկա նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին սատարելու մասին. ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի անդամների այդ քայլը:
– Այդ մարդիկ հստակություն մտցնելու հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեն: Նմանատիպ հայտարարությունները նոր հարցեր են առաջացնում: Որպես կուսակցության անդամ` չեն ենթարկվում այդ նույն կուսակցության կանոնադրական նորմերին: Պետք է կուսակցությունից դուրս գան՝ իրենց կարգավիճակը հստակեցնելու, որպեսզի քաղաքացիների համար էլ ամեն ինչ հստակ ու պարզ լինի: Այսինքն` եթե իրենց կուսակցության նորմերն իրենց համար ընդունելի չեն, ուրեմն պետք է վերջնականապես լքեն կուսակցության շարքերը:
– Այսօրինակ որոշումներն ինչպե՞ս կանդրադառնան ՀԱԿ-ԲՀԿ հետագա համագործակցության վրա:
– Ո՞վ էր համագործակցում ԲՀԿ-ի հետ, ՀԱԿ-ն ընդամենը կոնսուլտացիաներ էր անցկացնում ԲՀԿ-ի հետ: Գյումրիում կոնգրեսականներն ու ԲՀԿ-ականներն իրար հետ չեն համագործակցել ու չեն էլ համագործակցելու:
– ՀԱԿ անդամները, այդ թվում` Լևոն Զուրաբյանը, բազմիցս արտասանել են «համագործակցություն» բառը:
-Կոնգրեսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոնսուլտացիաներ, խորհրդակցություններ էր անցկացնում` ընտրություններում միասնական շտաբ ձևավորելու, ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար. դա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Իսկ Բալասանյան Սամվելը ինքն իր քաղաքական իրավիճակը ճշգրտելու կարիք ունի:
Եթե առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանձնաժողովի անդամները մեզ հետ միասին պայքարեն ընտրակեղծիքները բացառելու, իշխանական մանիպուլյացիաները վերացնելու հարցում, կնշանակի, որ մենք, այո՛, համագործակցում ենք: Ասեմ` մենք ոչ միայն «Բարգավաճ Հայաստան»-ից հույս ունենք, այլ նաև Հայ հեղափոխական դաշնակցությունից:
– Մինչև հիմա չէի՞ք համագործակցում:
– Ո՛չ, մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն մեզ հետ միասին պայքարում էր, որպեսզի լինի օրինական ընտրություն:
– Իսկ առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի Գյումրիի կառույցն ի՞նչ է անելու:
– Մենք ունենք համապատասխան որոշում` չենք սատարելու ոչ մի թեկնածուի:
– Այսինքն` ընտրությունների չե՞ք գնալու:
– Համենայդեպս, գնանք-չգնանք` ոչ մի թեկնածուի չենք պաշտպանելու: Կարող է ունենանք համակիրներ, որոնք կգնան ընտրությունների և իրենց դիրքորոշումը տարբեր ձևերով կարտահայտեն, այսինքն` քվեաթերթիկն այս կամ այն ձևով անվավեր կդարձնեն:









































