Վերջին երկու տարիներին Դիլիջանում բնակարանների և սեփական տների գները կարճ ժամանակում գրեթե կրկնակի թանկացան՝ նախկինում 25 հազար դոլարով վաճառվող բնակարանի գինը դարձավ 40-45 հազար դոլար: Թեև Աբովյանում, Ծաղկաձորում ու Ջերմուկում բնակարանների գները փոքր-ինչ թանկ են Դիլիջանից, սակայն վերջին երկու տարիների կտրվածքով Դիլիջանում ավելի շատ են գործարքներ կնքվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Նոր տուն ռիելթի» անշարժ գույքի և գնահատման գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանը:
Նրա խոսքով՝ թվարկված երեք քաղաքներում գների նման աճը պայմանավորված է զբոսաշրջության և աշխատանքային հեռանկարներով: Սակայն բնակություն հաստատելու համար Երևանից հետո ամենապահանջվածը շարունակում է մնալ Աբովյան քաղաքը:
«Երևանի գներից մի փոքր էժան հնարավոր է բնակարան կամ սեփական տուն ձեռք բերել Զովունիում, Եղվարդում, Այնթափում, Աշտարակում, Ջրվեժում, Ձորաղբյուրում, Մասիսում և այլ հարակից գյուղերում ու քաղաքներում: Այս շրջանում սեփական տների 1 քմ-ն տատանվում է 300-400 դոլարի սահմաններում»,- հայտնեց Հարությունյանը:
Ջերմուկում, Դիլիջանում, Ծաղկաձորում միջինացված գները, ըստ մասնագետի, հնարավոր չէ ներկայացնել, քանի որ գնի ձևավորման մեջ կան շատ կարևոր մի քանի գործոններ՝ շինարարության տեսակ, կոմունալ հարմարություններ, դիրք և այլն:
Անշարժ գույքի մասնագետը նշեց, որ Հայաստանում բնակարանների և սեփական տների գները 2008թ.-ից սկսեցին բարձրանալ, սակայն այս տարի առաջին անգամ էժանացման միտումներ են նկատվում: Նա նշեց, որ այս շուկայում աննախադեպ էր Դիլիջանում թանկացումը. «Մեկ տարում Դիլիջանը դարձավ գնորդների համար պահանջված քաղաք, հիմնականում բանկային համակարգի աշխատողների համար այնտեղ բնակարան ձեռք բերելը դարձավ անհրաժեշտություն, որպեսզի ամեն օր տուն գնալ-գալու խնդիր չառաջանա:
Բացի դրանից՝ կա նաև երկրորդ գործոն՝ դրսում ապրող մեծահարուստները Ծաղկաձորից կտրուկ անցան Դիլիջանում առանձնատներ գնելուն: Դիլիջանի դպրոցի կառուցումը ևս նպաստում է հավելյալ պահանջարկի ձևավորմանը»:
«Վիվա ռիելթի» գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը, դիտարկելով մարզերում անշարժ գույքի գները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Երևանից հետո ամենաբարձր գները Կոտայքի մարզում են:
«Այս պահին շուկան պասիվ է, դժվար է ասել, թե մարզերում հետո ինչ կլինի գների հարցում, սակայն Երևանում գրեթե պահանջարկ չունենք: Եթե մարդկանց միջոցները չեն բավարարում Երևանում բնակարաններ գնելու համար, նրանք ստիպված սկսում են հետաքրքրվել մոտակա գյուղերի կամ քաղաքների գներով: Սա բերում է նրան, որ Երևանից դուրս ակտիվությունը երբեմն ավելի նկատելի է լինում»,-հայտնեց Հարությունյանը՝ նկատելով, որ իր կանխատեսումներով՝ փետրվարի կեսից հետո շուկայում աշխուժություն կսկսվի:
Այս պահին երկու սենյականոց միջին վիճակի բնակարանը Ջերմուկում արժե 40-43 հազար դոլար, Ծաղկաձորում՝ մինչև 50 հազար դոլար, Դիլիջանում՝ 35-45 հազար:
Մասիսում, Ջրվեժում, Այնթափում, Ձորաղբյուրում և այլ մոտակա համայնքներում այս գներով, ըստ մասնագետների, հնարավոր է նաև սեփական տուն գնել, սակայն Երևանում բնակարան կամ առանձնատուն ունեցողները հիմնականում նշված երեք քաղաքներում են ցանկանում հանգստավայր ունենալ: Վանաձոր, Կապան, Իջևան, Գյումրի քաղաքներում առք ու վաճառքները լոկալ են՝ տվյալ տարածքի բնակիչների միջև:









































