Սենատորների մեծամասնությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար սատարել է Սենատի միջազգային հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիի թեկնածությունը։ Առաջադրման լսումներն անցկացվել են հինգշաբթի օրը։
Քերրին մոտ չոս ժամ պատասխանել է սենատորների հարցերին, որոնք վերաբերել են այդ պաշտոնում իր ծրագրերին։ Քերրին հայտարարել է, որ իր գործողությունները չեն հակադրվելու նախագահ Օբամայի քաղաքականությանը, և ինքը շարունակելու է Հիլարի Քլինթոնի մարտավարությունը։
Քերրիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար դեկտեմբերի 21-ին առաջարկվել է նախագահ Օբամայի կողմից։ Քերրին համարվում է արտաքին քաղաքականության լավագույն մասնագետներից։
Ակնկալվում է, որ Քերրիի օրոք Իրանի, Սիրիայի և Աֆղանստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրի։ Քերրիի վաստակը մեծ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների լարումը թուլացնելու գործում, սակայն նրան չի կարելի «ռուսամետ գործիչ» համարել։









































