Գյումրիում 7 մարդու, այդ թվում 2 երեխայի սարսափելի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն կանցնի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավիճակին մոտ կանգնած իր աղբյուրը:
«Անցկացվող համատեղ քննության շրջանակներում նշանակվել և իրականցվում են մի շարք դատա-քրեաբանական փորձաքննություններ: Առաջիկայում կանցկացվի հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն, որը օրենքով նախատեսված է նման հանցագործությունների դեպքում»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ բոլոր փորձաքննությունները կանցկացվեն Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում:
«Ինտեֆաքս»-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ երեկ Պերմյակովից նմուշներ են վերցրել՝ նախկինում դեպքի վայրում հայտնաբերված հետքերի հետ համեմատական փորձաքննություն անցկացնելու համար: «Խոսքը կենսաբանական, գենետիկական և քրեաբանական փորձաքննության մասին է»,- պարզաբանել է աղբյուրը:







































