Չինաստանում պայքար է սկսվել ապագա երեխայի սեռն արտերկում իմանալու դեմ:
Այդ մասին հաղորդվում է Չինաստանի առողջապահության և պլանային ծնելիության նախարարության պաշտոնական հայտարարությունում:
Չինաստանի բժշկական հաստատություններում արգելված է ծնողներին տեղեկացնել մոր արգանդում գտնվող երեխայի սեռի մասին, եթե դա թելադրված չէ բժշկական անհրաժեշտությունից ելնելով: Սակայն, հիմա ավելի հաճախ երկրի բնակիչները հղի կանանց արյան օրինակներն ուղարկում են արտերկիր, որտեղ հատուկ սարքավորման օգնությամբ բժիշկները կարող են որոշել երեխայի սեռը:
Նման ծառայություններ մատուցող գործակալությունների գովազդը հեշտությամբ հնարավոր է գտնել համացանցում, ոմանք նույնիսկ առաջարկում են արյան անալիզ վերցնել հենց տանը:
Պետհանձնաժողովը որոշում է կայացրել վերջ տալ այդ պրակտիկային: Նման գործակալություններին հետապնդելու են օրենքի ողջ խստությամբ, գովազդները կարգելվեն, իսկ համացանցային որոնողական կայքերին կպարտավորեցնեն հղում չտալ նման գործակալությունների կայքերին:










































