Աթենքի Պանկրատի շրջանում դիմակավոր երիտասարդների մի խումբ հարձակվել է իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցության ընտրական կենտրոնի վրա: Այս մասին հայտնում է Sky հեռուստաալիքը:
Ալիքի հաղորդմամբ՝ անարխիստները լեզվակռվի են բռնվել կենտրոնի աշխատակիցների հետ, իսկ հետո սկսել են նրանց վրա քարեր ու այլ իրեր նետել:
Տուժածներ չկան, գրասենյակին վնաս է հասցվել: Հարձակվածները փախել են, սակայն ոստիկանները հասցրել է 7 մարդու ձերբակալել:
Իշխող կուսակցությունն անկարգություններն ընտրական կենտրոնում անվանել է «հարձակում ժողովրդավարության վրա»: «Չհրահրված հարձակում Պանկրատիում Նոր դեմոկրատիայի տեղական կազմակերոպության վրա ձախ ուժերի կողմից, որոնք նյութական վնաս են հասցրել գրասենյակին,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:- Խուլիգանությունն ուղղակի հարձակում է հենց ժողովրդավարության վրա: Թող լավ իմանան նրանք, ովքեր գործել են հարձակումը և նրանց հրահրողները, որոնք փորձում են քաղաքացիական պատերազմի մթնոլորտ ստեղծել, որ նրանք մեզ չեն վախեցնի: Ընդհակառակը՝ դա մեզ ավելի կուժեղացնի հունվարի 25-ին հաղթանակի համար պայքարում»:
Չնայած այդ դեպքին՝ Հունաստանում ընտրարշավն բավական հանգիստ է ընթանում. չկան ո՛չ զանգվածային գործադուլներ, ո՛չ բողոքի ակցիաներ, ո՛չ ոստիկանության հետ բախումներ, որոնք երկրին բնորոշ էին նախորդ տարիներին:









































