«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով չկողմնորոշված ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ էլեկտորատին` կարծիք հայտնեց, որ դրանք կտրոհվեն ամենատարբեր թեկնածուների միջև:
«ՀԱԿ-ի ընտրազանգվածի մի մասը Բագրատյանին կընտրի, մի մասն ընդհանրապես չի գնա ընտրություններին, մի մասը քվեաթերթիկն անվավեր կդարձնի, մի մասն էլ Րաֆֆի Հովհաննիսյանին կընտրի:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի էլեկտորատին, ապա այստեղ պատկերն ավելի պարզ է՝ այնտեղ մարդիկ Գագիկ Ծառուկյանի կուսակցությանն ընտրել ոչ թե ինչ-որ գաղափարների, այլ առանձին հավակնությունների համար, հետևաբար, այո՛, մի մասը կընտրի իշխանական թեկնածուին՝ առանձին սպասելիքներ ունենալով, մի մասն էլ, կարծում եմ, էկզոտիկ թեկնածուներին»:
Խոսելով այն մասին, թե ինչ փոփոխություններ կլինեն Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո, քաղաքագետը կարծում է, որ կփոխվեն նախարարները, հնարավոր է նաև վարչապետի փոփոխություն. «Հիշենք, թե Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ ինչպես դարձավ նախագահ՝ սպանված մարդիկ, լեգիտիմության ցածր տոկոս: Անցավ հինգ տարի՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացված են խորհրդարանում: Նիկոլ Փաշինյանը` բանտում, Նիկոլ Փաշինյանը` խորհրդարանում. լրիվ տարբեր հասկացողություններ են: Ըստ այդմ, ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը առանց լուրջ խոչընդոտների կընտրվի»:











































